Բավ է պառակտվել
11-06-2021 12:52

Մեկնարկել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային քվեարկությունը

Ուրբաթ մեկնարկել է Հաայստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար էլեկտրոնային եղանակով քվեարկությունը:

Ինչպես նշվում է Կենտրոնական ընտրական հանրձնաժողովի կայքում, էլեկտրոնային քվեարկությունն, օրենքի համաձայն, մեկնարկել է ընտրություններից 9 օր առաջ, տեղական ժամանակով 08։00-ին։ Այն կավարտվի հունիսի 13-ին Երևանի ժամանակով 20:00-ին:

Քվերակության արդյունքները կամփոփվեն հիմնական ընտրությունների օրը՝ հունիսի 20-ին, ժամը 20։00-ից հետո։

ԿԸՀ-ի հրապարակած ցուցակների համաձայն էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք է ստացել 650 մարդ։ Նրանցից 287-ը Հայաստանի դիվանագիտական կամ հյուպատոսական ծառայությունների աշխատակիցներն են ու նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, իսկ 363-ը՝ օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի անդամները:

Հայաստանի ոստիկանության տվյալների համաձայն, հանրապետության համապատասխան ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2.581.093 մարդ: Այն քաղաքացիները, ովքեր գրանցված չեն և ցանկանում են քվեարկել ըստ բնակության վայրի, ընտրողների ցուցակում ընդգրկվելու համար կարող են ներկայացնել դիմում 2021 թվականի մայիսի 31-ից՝ ընտրություններից 20 օր առաջ:

Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները նշանակված են հունիսի 20-ին: ԿԸՀ-ն գրանցել է 4 դաշինքի և 22 կուսակցության ընտրական ցուցակները, սակայն «Հայոց արծիվներ» կուսակցությունը ինքնաբացարկի դիմում ներկայացրեց, իսկ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքացյանի գրանցումը: