Բավ է պառակտվել
17-04-2019 16:13

Հայաստանում նախատեսում են վերամշակել Ազգային անվտանգության ռազմավարությունը․ԶԼՄ

“Ժամանակ” օրաթերթը գրում է, որ Հայաստանի ազգային անվտանգության խորհուրդը սկսել է աշխատել Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգի փոփոխությունների ուղղությամբ։

“Փաստաթուղթն ընդունվել է 2007թ. հունվարին ու այս 12 տարիների ընթացքում որևէ փոփոխության չի ենթարկվել: Փոխարենը այս ընթացքում լրջագույն փոփոխություններ են եղել ե՛ւ ՀՀ-ում, ե՛ւ տարածաշրջանում, ե՛ւ համաշխարհային քաղաքական թատերաբեմում, ինչն էլ իր հերթին առաջ է բերել նոր մարտահրավերներ”, - ասվում է հրապարակման մեջ:

Օրաթերթը նշում է, որ ներկայիս պայմաններում ազգային անվտանգության ռազմավարությունը լուրջ փոփոխությունների ու լրամշակումների կարիք ունի, և ԱԱԽ-ն նախատեսում է անցկացնել լայն քննարկումներ, հանդիպումներ կազմակերպել առանցքային քաղաքական ուժերի, քաղաքագետների, պատգամավորների հետ, ստանալ առաջարկություններ, ապա նոր ձեռնամուխ լինել փաստաթղթի լրամշակմանը։

“Արդեն առկա է քննարկումների որոշակի կառուցվածք, և առաջիկայում հանդիպում կլինի փորձագիտական շրջանակի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որից հետո էլ կլինի վարչապետի որոշումը՝ աշխատանքային խումբ ստեղծելու մասին, և դրանից հետո միայն լայն թափով կսկսվեն այդ աշխատանքները”, - ասվում է նյութում։

Հոդվածի հեղինակները նշում են, որ չնայած հստակ ժամկետներ չկան՝ ամենայն հավանականությամբ փաստաթուղթը պատրաստ կլինի 2019 թվականի վերջին։