Բավ է պառակտվել
02-12-2013 15:51

Ռուսաստանի նախագահը պետական այցով ժամանեց Հայաստան

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պետական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին տեղեկացնում է նախագահի գրասենյակի կայքը:

ՌԴ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարներ, Նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ, նահանգապետներ, տարբեր ոլորտների ռուսաստանյան առաջատար ընկերությունների ղեկավարներ: Երևան են ժամանել, մասնավորապես, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, կառավարության նախագահի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, տարածաշրջանային զարգացման նախարար Իգոր Սլյունյաևը, տրանսպորտի նախարար, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը, գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արկադի Բախինը, տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ալեքսեյ Լիխաչևը, ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը, «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն, զբոսաշրջության դաշնային գործակալության ղեկավար Ալեքսանդր Ռադկովը, «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինը, «ՎՏԲ» բանկի նախագահ Անդրեյ Կոստինը, «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ավագ փոխնախագահ Վալերի Ռեշյոտնիկովը, պաշտոնատար այլ անձինք:


Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ՌԴ Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մասնակցել են «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» միջտարածաշրջանային երրորդ համաժողովի բացմանը: Համաժողովի լիագումար նիստում, որն անցկացվում է Ռուսաստանի և Հայաստանի կենտրոնական և տարածաշրջանային մակարդակով պետական մարմինների, ինչպես նաև ոչ պետական հատվածի ներկայացուցիչների ու բազմաթիվ գործարարների (շուրջ հինգ հարյուր) մասնակցությամբ, նախագահները հանդես են եկել ողջույնի խոսքով:

Մինչ այդ, երկու երկրների նախագահներն այցելել են համաժողովի շրջանակներում բացված Հայաստանի մարզերը և Ռուսաստանի տարածաշրջանները ներկայացնող ցուցահանդես, որի նպատակն է՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական միջտարածաշրջանային համագործակցության զարգացումը և Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու հեռանկարների շրջանակներում զարգացման ներուժի ու համագործակցության նոր հնարավորությունների բացահայտումը:

Գյումրիի պետական դրամատիկական թատրոնում Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը հեռուստակամրջի միջոցով ուղիղ միացմամբ հետևել են «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի լիարժեք շահագործման հանձնման արարողությանը: ՋԷԿ-ը 2012 թվականի հունվարից գտնվում էր փորձարարական-արդյունաբերական շահագործման փուլում:

ՀՀ և ՌԴ նախագահները համաժողովի անցկացման վայրում մասնակցել են նաև Սոչիում կայանալիք XXII ձմեռային օլիմպիական խաղերին նվիրված նամականիշերի մարման արարողությանը: Թողարկված երկու նամականիշերի վրա պատկերված են այն սպորտաձևերը, որոնցով հանդես է գալու Հայաստանի օլիմպիական հավաքականը 2014թ. Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին. առաջին նամականիշի վրա պատկերված է դահուկավազք սպորտաձևը, իսկ երկրորդի վրա՝ լեռնադահուկային սպորտաձևը: Նամականիշերի ձախ կողմում պատկերված են Սոչիի լեռները:

Հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի բացումից հետո, Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Գյումրիում, 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի 25-րդ տարելիցի նախօրեին, ծաղկեպսակ կդնեն երկրաշարժի զոհերին նվիրված հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցեն զոհերի հիշատակին, որից հետո կայցելեն Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայան: