Բավ է պառակտվել
15-09-2022 22:50

Հայաստան է ժամանել ՀԱՊԿ միացյալ շտաբի օպերատիվ խումբը

Սեպտեմբերի 15-ի երեկոյան, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն, մոնիտորինգային առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը, որը գլխավորում է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, տեղեկացնում է Հայաստանի պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունը։
Նույն օրը Սիդորովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և առաջադրել առաջիկա մոնիտորինգի հետ կապված խնդիրները:
Պապիկյանը հույս է հայտնել, որ խումբը արդյունավետ աշխատանք կիրականացնի և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին կներկայացնի մանրամասն և ճշգրիտ հաշվետվություն ստեղծված օպերատիվ իրադրության վերաբերյալ:
Առաջիկա օրերին օպերատիվ խումբը համապատասխան աշխատանք կկատարի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում և մարտական գործողությունների շրջաններում:
Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00.05-ին, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հրետանուց, անօդաչու թռչող սարքերից և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի ուղղությամբ սկսել են ինտենսիվ հրետակոծել հայկական դիրքերը, և առաջխաղացման փորձեր արել։

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նախօրեին ժամը 20:00-ին հայտարարված զինադադարից հետո հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել։

Հայկական կողմն ըստ նախնական տվյալների, ունի 105 զոհ, կան վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Հայտնի է հայկական կողմից առնվազն մեկ գերեվարված անձի մասին։