Բավ է պառակտվել
05-01-2022 21:02

Հայաստանի ԱԳՆ-ն նշել է Հայաստանի և Թուրքիայի բանագնացների առաջին հանդիպման օրը

Հայաստանի և Թուրքիայի բանագնացների առաջին հանդիպումը կկայանա հունվարի 14-ին Մոսկվայում, նշվում է հայկական արտաքին գրծերի գերատեսչության մամլո քարտուղար Վահան Հունանյանի ֆեյսբուքյան էջում։
2021թ․ դեկտեմբերի 27-ին Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը կարող է կայանալ Մոսկվայում, ենթադրաբար՝ հունվարին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայ-թուրքական երկխոսության գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ է նշանակվելփորձառու դիվանագետ, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Հայկական կողմից հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը (Փաշինյանի մերձավոր զինակիցը)։

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բացակայության մասին

1991-ի դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, բայց մինչ օրս հրաժարվում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել:

1993-ին Թուրքիան միակողմանիորեն փակեց իր օդային և ցամաքային սահմանները Հայաստանի հետ: Օդային սահմանը բացվեց 1995-ին` միջազգային հանրության ճնշման ներքո: Ցամաքային սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Թուրքիան առաջ է քաշում մի շարք անընդունելի պայմաններ, մասնավորապես` հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից:

1991 թվականից ի վեր արվել են երկկողմ հարաբերությունների կարգավորման մի շարք փորձեր, որոնք արդյունք չեն տվել Թուրքիայի դիրքորոշման պատճառով:

Հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008-ի աշնանը նախաձեռնեց Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը: 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն 2010 թվականի ապրիլի 22-ին Սարգսյանն իր հրամանագրով կասեցրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել այն։