Բավ է պառակտվել
07-10-2021 10:51

Բաքվում չեն բացառում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը

Ադրբեջանն օգտակար է համարում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումները։

Բաքվում չեն բացառում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը։ Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Լեյլա Աբդուլաևան լրագրողներին։

Սեպտեմբերի 24-ին, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ, կայացավ Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

«Մենք օգտակար ենք համարում հետպատերազմյան շրջանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերի քննարկումը։ Որոշ ժամանակ առաջ Նյու Յորքում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը տեղի ունեցավ։ Մենք չենք բացառում նման հանդիպման անցկացումը նաև ապագայում», - ասել է Աբդուլաևան։
Նա հավելել է, որ «այս փուլում պետք է ուշադրություն դարձնել Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած [Ղարաբաղի շուրջ] համատեղ հայտարարությունների կետերի իրականացմանը»։

Աբդուլաևան նկատել է, որ «այստեղ առկա են մի շարք բաց հարցեր», իսկ «հաղորդակցության բացումն ու սահմանների սահմանազատման շուրջ բանակցությունների սկիզբը «կարող են ամուր հիմք ստեղծել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված մեր կառուցողական առաջընթացի համար»։

«Հայտնի է, որ այս խնդրի շուրջ կան մի շարք բաց հարցեր: Մենք կարծում ենք, որ հաղորդակցության բացումը, սահմանների սահմանազատման շուրջ բանակցությունների սկիզբը կարող են ամուր հիմք ստեղծել տարածաշրջանում կայուն խաղաղություն կառուցելու մեր կառուցողական առաջընթացի համար»,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Նախօրեին Արարատ Միրզոյանը նշել է ադրբեջանցի նախարարի հետ հաջորդ հանդիպման օրակարգն՝ ընդգծելով, որ այն պետք է անցկացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում։ Երևանը հույս է հայտնել, որ Բաքուն կառուցողական մոտեցում կցուցաբերի: