Բավ է պառակտվել
22-07-2020 14:59

Առաջիկայում կընտրվեն ՍԴ 3 նոր դատավորներ․Աժ նախագահը ստորագրեց օրենքը

 

«Ազգային ժողովի նախագահը այսօր ստորագրեց հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։

Օրենքը այսօր կմտնի ուժի մեջ։ Առաջիկայում կընտրվեն ՍԴ 3 նոր դատավորներ»,- տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում։

Արդեն կեսօրին Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում  անդրադառնալով  ԱԺ  նախագահ Արարատ Միրզոյանի՝ ԱԺ-ի կողմից հունիսի 30-ին ընդունված ՍԴ մասին օրենքի ստորագրմանը, ասաց․ «Օրենքի ուժի մեջ մտնելը նշանակում է, որ նախկին դատավորների կենսաթոշակի իրավունքները, որոնք արդեն չեն պաշտոնավարում, կապահովվի օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև անհապատասխանելիությունը Սահմանադրության և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում վերացվեց, որը հնարավոր չէր անել միաժամանակ:

Ինչ վերաբերում է ներկայիս Սահմանադրական դատարանի աշխատանքին, երբ քվորում չկա, նիստեր չկան, Ռուստամ Բադասյանն ասաց. «Եկեք հաշվի առնենք, թե ինչի արդյունքում է առաջացել այս իրավիճակը, որովհետև Սահմանադրական դատարանի երկու դատավոր գնացել են արձակուրդ: Այսինքն` արձակուրդ չգնալու դեպքում Սահմանադրական դատարանում հնարավոր էր ապահովել փոփոխություն, հետևաբար Սահմանադրության փոփոխության արդյունքում չի առաջացել այս իրավիճակը, այլ երկու դատավորի արձակուրդ մեկնելու հետ կապված է առաջացել»: Նա վստահություն հայտնեց, որ առաջադրումները շուտով կլինեն:

Ըստ նախարարի՝ բավականին կարճ ժամանակահատվածում կարելի է արձանագրել Սահմանադրական դատարանի ամբողջական գործելը:  «Վստահ եմ՝ առաջադրումները շուտով կկատարվեն, - ասաց Բադասյանը։ Ռուստամ Բադասյանի խոսքով՝ ՍԴ-ում այսօր տիրող իրավիճակը ճգնաժամ չէ։ «Խնդրահարույց իրավիճակն առաջացել է այն պատճառով, որ երկու դատավոր որոշել է, որ պետք է մեկնի արձակուրդ», - ասաց նա։

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանում քվորումի բացակայության պատճառով նիստերը չեն կայանում։

Իսկ ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տեղեկացրել էր, որ ինքը չի ստորագրելու ԱԺ-ի ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը` հարակից օրենքով:

Այսպիսով` նախագծով նախատեսվում է փոփոխել ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների կողմից կատարվող առաջադրումների հերթականությունը: Ըստ այդմ՝ առաջինը թեկնածուի առաջադրում կատարում է Կառավարությունը, երկրորդը՝ հանրապետության նախագահը, իսկ երրորդը՝ դատավորների ընդհանուր ժողովը: ՍԴ դատավորների երեք թափուր տեղերի համար առաջադրումները կատարվելու են միաժամանակ՝ համապատասխանաբար Կառավարության, հանրապետության նախագահի և դատավորների ընդհանուր ժողովի կողմից՝ 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց, այն է՝ հունիսի 26-ից հետո՝ երկամսյա ժամկետում:

 

 

Արմինե Գևորգյան