Բավ է պառակտվել
29-09-2022 17:17

Առաջիկայում կարող է կայանալ Փաշինյան-Էրդողան հանդիպումը. հայ-թուրքական երկխոսության գործընթացի ՀՀ հատուկ ներկայացուցիչ

Առաջիկայում կարող է տեղի ունենալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ բանակցությունների գծով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

Նա նշել է , որ «օրակարգը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն է»:

Ռուբինյանը հիշեցրել է նաև, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Անկարայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հետ վերջին հանդիպումը կայացել է հուլիսին, երբ ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանների բացման և ուղիղ ավիաբեռնափոխադրումների հնարավորության ստեղծման
հայտնի պայմանավորվածությունը։

«Իրականում սեպտեմբերի 14-ին՝ սահմանին պետք է տեղի ունենար հանդիպում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջև, որպեսզի քննարկվեր իմպլեմենտացիան այդ երկու քաղաքական պայմանավորվածությունների, բայց սեպտեմբերի 14-ին, ես հիշեցնեմ՝ դա ադրբեջանական հարձակման օրերին էին, թուրքական կողմի ցանկությամբ այդ հանդիպումը հետաձգվել է»,- ասել է Ռուբինյանը, հավելելով, որ հաջորդ հանդիպման ժամկետ դեևս չի քննարկվել։

Ի պատասխան պնդմանը, որ պայմանավորվածությունները փաստացի դեռ թղթի վրա են, նա ասել է, որ դրանք պետք է կյանքի կոչվեն, քանի որ ի վերջո կա քաղաքական պայմանավորվածություն և քաղաքական պատասխանատվություն այդ պայմանավորվածությունն իրագործելու:

Նա նաև մերժել է այն ենթադրությունը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդ հանդես գալու Թուրքիայի առաջարկը կարող է ընդունվել։

«Ընդհանրապես միջնորդներ կարող են լինել այն կողմերը, որոնք չեզոք են: Ես կարծում եմ ոչ ոք չի կարող հիմա Թուրքիան չեզոք անվանել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և Ադրբեջանի՝ Հայաստանի տարածք ներխուժման համատեքստում»,- ասել է Ռուբինյանը։

Ավելի վաղ Էրդողանը հայտնել էր, որ քննարկվում է Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը մասնակցությունը՝ նշելով, որ եթե որոշեն գնալ Չեխիա, ապա, ենթադրաբար, այնտեղ կլինի նաև Փաշինյանը։ «Միգուցե մենք հնարավորություն ունենանք այնտեղ քննարկել բոլոր հարցերն»,- ասել է Էրդողանը։

2022 թվականի հուլիսի 11-ին Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Էրդողանին Կուրբան Բայրամի, իսկ նա, իր հերթին, գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Երկրների ղեկավարները կարևորել են երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացը, որը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։