Բավ է պառակտվել
28-09-2020 15:18

Դուշանբեում ոչ թե ես, այլ Ալիևն է ինձնից մի բան խնդրել. Փաշինյան (տեսանյութ)

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում պատմել է, որ 2018-ին Դուշանբեում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրենից մի բան է խնդրել։ Փաշինյանն ասել է, որ երկու տարի չի խոսել այդ մասին, քանի որ կոռեկտ չի համարել դա անել, սակայն քանի որ Ալիևն ապատեղեկատվություն է տարածում` ասելով, թե Փաշինյանը ժամանակ է խնդրել ԼՂ հարցի լուծման համար, ապա ինքն էլ որոշել է պատմել եղելությունը։

«Հիմա կարելի է մի շատ կարևոր նյուանս բացել, թե Դուշանբեում ով ում է խնդրանքով դիմել։ Իրականում ոչ թե ես եմ Ալիևին խնդրանքով դիմել, այլ նա։ Հարցն այն է, որ ես հաճախ էի ելույթներիս ժամանակ անդրադառնում Ադրբեջանում տիրող իրավիճակին`քննադատելով այն։ Ու քանի որ հայաստանյան հեղափոխությունից հետո ոգևորություն կար տարածաշրջանում, Ալիևն ինձ խնդրել է իմ ելույթներում չանդրադառնալ Ադրբեջանի ներքին խնդիրներին», – ասում է Փաշինյանը։

Եվ քանի որ Ադրբեջանի ներքին հարցերն իր օրակարգի հարցերը չեն, և ձեռք բերած հրադադարի պահպանման արդյունքում հայ զինվորների կյանքեր են խնայվել, Փաշինյանը գոհ է իր որոշման համար։

Կառավարության ղեկավարը նշել է, որ հեղափոխությունից հետո Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններ վարելու լիազորություն ունեցել են երկու անձ՝ ինքը և ԱԳ նախարարը, որևէ այլ անձ այդ թեմայով քննարկում, բանակցություն վարելու լիազորություն չի ունեցել, այդ լուրերն, ըստ վարչապետի, անհեթեթություն են: Փաշինյանն ասել է, որ ԱԱԾ տնօրենը որոշակի դերակատարում է ունեցել իր և Ադրբեջանի նախագահի միջև օպերատիվ կապի ապահովման գործում, բայց բանակցելու իրավունք չի ունեցել

Վարչապետն ասել է, թե Ղարաբաղի հարցն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար ոչ թե Ադրբեջանի ազգային շահերի հարց է, այլ՝ սեփական իշխանությունը ու բռնատիրական համակարգը պահպանելու միջոց։