Բավ է պառակտվել
21-02-2022 11:25

Ելիսեյան պալատը հայտարարել է անվտանգության գագաթնաժողով անցկացնելու վերաբերյալ Պուտինի և Բայդենի համաձայնության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդունել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը՝ Եվրոպայում անվտանգության և ռազմավարական կայունության գագաթնաժողով անցկացնելու վերաբերյալ։

Ինչպես կիրակի հայտնել է Ելիսեյան պալատը, Մակրոնն «առաջարկել է գագաթնաժողով անցկացնել նախագահ Բայդենի և նախագահ Պուտինի միջև, այնուհետև համապատասխան շահագրգիռ կողմերի հետ՝ Եվրոպայում անվտանգության և ռազմավարական կայունության հարցերը քննարկելու համար»: ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարները «համաձայնել են նման գագաթնաժողովի դրույթների հետ»։ Գագաթնաժողովի հարցերը կնախապատրաստեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը փետրվարի 24-ի հանդիպման ժամանակ։

Նման հանդիպում «կարող է կայանալ միայն այն պայմանով, որ Ռուսաստանը չներխուժի Ուկրաինա»։

Կիրակի ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկու հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես նաև հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։

Վերջին ժամանակներս Արևմուտքի երկրներում, ինչպես նաև Կիևում հայտարարություններ են հնչում Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը որևէ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ Պեսկովը չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը կարգավորելու համար ուժի կիրառման փորձերը լրջագույն հետևանքներ կունենան։