Բավ է պառակտվել
30-11-2021 11:13

Երևանը հիշեցրել է Ադրբեջանի կողմից չկատարված պարտավորությունների, մասնավորապես՝ գերիներին վերդարձնելու մասին

Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Վահան Հունանյանը հանդես է եկել նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների ստորագրած եռակողմ հայտարարության վերաբերյալ մեկնաբանություններով։

Նա ընդգծել է, որ Սոչիի եռակողմ հայտարարությունը մի քանի կարևոր արձանագրում է կատարում:

«Առաջին՝ Սոչիի հայտարարությունով կողմերը վերահաստատում են իրենց պարտավորությունը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթների հետևողական և անվերապահ իրականացման վերաբերյալ։

Սա վերաբերում է նաև Ադրբեջանի կողմից մինչ այժմ չկատարված, նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետով ամրագրված՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձին և այլ կետերով չկատարված պարտավորություններին»,- ասել է նա։

Երկրորդ, նշել է մամլո քարտուղարը, նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությամբ ևս մեկ անգամ վերահաստատվում է հունվարի 11-ի հայտարարությամբ արձանագրված տարածաշրջանում տրանսպորտային բոլոր ուղիների ու տնտեսական կապերի ապաշրջափակման դրույթը և հերթական անգամ հերքվում են «միջանցքի» կամ միջանցքային տրամաբանության մասին տարածվող քարոզչական թեզերը:

«Եվ երրորդ՝ ըստ հայտարարության, պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել: Իսկ այդ ուղղությամբ առաջնային ու առավել կարևոր քայլը պետք է լինի լարվածության նվազեցմանը միտված քայլերի իրականացումը»,- շեշտել է Հունանյանը։

Նրա խոսքով՝ Երևանը համոզված է, որ եռակողմ հայտարարությունների դրույթների լիարժեք կյանքի կոչումը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո։