Բավ է պառակտվել
02-10-2021 09:59

Երևանում չեն բացառում մոտ ապագայում Փաշինյան-Ալիև հանդիպման հավանականությունը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմոն Գրիգորյանը Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում չի բացառել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման հավանականությունը։

Ի պատասխան հարցին, պատրաստ է արդյոք հայկական կողմը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում հանդիպմանը Փաշինյանի հետ՝ հանդիպման պատրաստակամության մասին Ալիևի հայտարարության ֆոնին, Գրիգորյանն ասել է, որ Հայաստանն ավելի վաղ արդեն հայտարարել էր բարձր մակարդակով հանդիպելու և հարցեր քննարկելու իր պատրաստակամության մասին։

“Կարծում եմ, դա ավելի շուտ պատասխանն էր։ Եթե պատրաստակամություն իսկապես լինի, հուսով ենք, որ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում կկայանան քննարկումներ, և մոտ ապագայում հանդիպում կարող է տեղի ունենալ”,- ասել է նա։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ պատրաստ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ անձնական հանդիպման ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո, եթե համանախագահներն առաջարկեն նման հանդիպում կազմակերպել։

Սեպտեմբերի 30-ին ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ կնպաստի բարենպաստ պայմանների ստեղծմանը կազմակերպելու Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների բարձր մակարդակով հանդիպումը։