Բավ է պառակտվել
26-01-2023 18:36

«Երևանը նախընտրեց ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի». ՌԴ ԱԳՆ՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելություն ստեղծելու մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության ստեղծումը։

Ներկայացնում ենք ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության հիմնական կետերը։

- Անդրկովկասում արտատարածաշրջանային գործոնի ամրապնդման հարցում Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել։ Մենք որևէ «ավելացված արժեք» չենք տեսնում հայ-ադրբեջանական սահմանի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ «եմական» «փորձագետների» վերահսկողությունից։

- ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն վարող Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։

- Հայաստանում ամեն գնով ամրապնդվելու Եվրամիության փորձերը՝ Ռուսաստանի միջնորդական ջանքերը հետ մղելու համար, կարող են վնասել հայերի և ադրբեջանցիների հիմնարար շահերը տարածաշրջանի խաղաղ զարգացմանը վերադառնալու նրանց ձգտումներում։

- Տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը մնում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը, ինչպես նաև հայկական սահմաններին ծառայող ռուս սահմանապահները։ Նրանք կարձագանքեն եմական դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «հողի վրա» իրավիճակի զարգացումը։

- Երևանում, առանց իր տրամաբանական ավարտին հասցնելու ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքները, գերադասել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Եթե հայ դաշնակիցների մոտ պահպանվում է ՀԱՊԿ ներուժն օգտագործելու հետաքրքրվածությունն, ապա նրա առաքելությունը կարող է արագ տեղակայվել Հայաստանում։

- Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և, ընդհանրապես, տարածաշրջանում իրավիճակի բարելավման ամենակայուն և երկարաժամկետ հիմքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածությունների անշեղորեն և հետևողական կատարումն է։

2022 թվականի հոկտեմբերին ԵՄ ԱԳ նախարարները պայմանավորվեցին ձևավորել առաջին քաղաքացիական առաքելությունը՝ լուծելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առկա խնդիրները։ Նրանք ԵՄ-ի մինչև 40 փորձագետ են ուղարկել, որոնք տեղակայվել էին հայկական կողմից՝ Ադրբեջանի հետ միջազգային սահմանի երկայնքով, տարածաշրջանում տիրող իրավիճակի մոնիտորինգի, վերլուծության և զեկույցի համար։