Բավ է պառակտվել
06-06-2022 17:49

Երևանը մեկնաբանել է ապաշրջափակվող կոմունիկացիաների տարածքների ինքնիշխանության հարցը

Բոլոր ապաշրջափակվող տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են: Այս մասին ասել է Հայաստանի արտգործնախարար Արարտ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։

«Կա ընդհանուր ընկալում այն մասին, որ բոլոր ապաշրջափակվող տրանսպորտային ենթակառուցվածքները, ճանապարհները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են»,- ասել է նա։

Ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին

Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով զբաղվում է հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ աշխատանքային խումբը՝ փոխվարչապետների համանախագահությամբ։ Խումբը ձևավորվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության հիման վրա (Արցախում 44-օրյա պատերազմի արդյունքներով)։

Օրերս՝ հունիսի 3-ին, Մոսկվայում տեղի ունեցավ աշխատանքային խմբի 10-րդ նիստը՝ երեք փոխվարչապետների՝ Մհեր Գրիգորյանի (Հայաստան), Ալեքսեյ Օվերչուկի (Ռուսաստան) և Շահին Մուստաֆաևի (Ադրբեջան) համատեղ նախագահությամբ։

Կողմերը քննարկել են սահմանային, մաքսային և այլ վերահսկողության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքներով ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկության վերաբերյալ դիրքորոշումները։

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև տրանսպորտային հաղորդակցություն ապահովող ավտոմոբիլային ճանապարհի հնարավոր ուղիների վերաբերյալ: