Բավ է պառակտվել
14-02-2023 20:49

Երևանը ԵՄ առաքելություն հրավիրելը դիտարկում է անվտանգության լրացուցիչ երաշխիքների համատեքստում

Հայաստանի անվտանգության երաշխիքները չեն աշխատում, հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«ԵՄ առաքելության ժամանումը Հայաստան կապված է նաև մեր փորձի հետ: Հաշվի առնելով, որ անվտանգության գոյություն ունեցող երաշխիքները չեն աշխատում՝ Հայաստանը, որոշակի անվտանգության երաշխիքներ ստեղծելու նպատակով, հրավիրել է ԵՄ քաղաքացիական առաքելությանը»,- երեքշաբթի օրը խորհրդարանում ասել է Գրիգորյանը։

Նա նշել է, որ երաշխիքները ոչ միայն ռազմական են, այլ նաև քաղաքական ու տնտեսական, և ԵՄ առաքելությունը լրացուցիչ երաշխիքներ է ստեղծում։

Պատասխանելով ԵՄ-ի առաքելությունների աշխատանքի հետ կապված Մոսկվայից հնչող հայտարարությունների մասին հարցին՝ Գրիգորյանը նշել է, որ պարբերաբար խոսում են ռուս գործընկերների հետ գոյություն ունեցող խնդիրների մասին։ «Մենք նրանց հետ քննարկում ենք դրանք և ներկայացնում հայկական կողմի մոտեցումները, բացատրում ենք, թե ինչի ենք այս քայլերը կատարել»,- ասել է նա։

«2021 թվականի մայիսին և նոյեմբերին, 2022 թվականի սեպտեմբերին հարձակումներ են եղել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, օկուպացվել են (հայկական) տարածքները, և այդ սպառնալիքը շարունակում է պահպանվել: Այն չեզոքացնելու համար անհրաժեշտ է որոշակի երաշխիքներ ստեղծել, ինչի ուղղությամբ մենք աշխատում ենք»,- ասել է նա։

Հայաստանում ԵՄ առաքելությունների մասին

Եվրամիության երկարաժամկետ դիտորդական առաքելության աշխատանքը, որը հսկողություն է իրականացնելու Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, կսկսվի 2023 թվականի փետրվարին և կտևի երկու տարի։ Առաքելության կազմում կընդգրկվեն ԵՄ շուրջ 100 մասնագետներ։

2022 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում գործում էր ԵՄ կարճաժամկետ առաքելությունը՝ բաղկացած 40 քաղաքացիական մասնագետներից։ Նրանք մշտադիտարկում են իրականացրել հայկական կողմից՝ Ադրբեջանի հետ միջազգային սահմանի երկայնքով, տարածաշրջանում տիրող իրավիճակի մոնիտորինգի, վերլուծության և զեկույցի համար։