Բավ է պառակտվել
13-03-2023 20:04

Երևանում կարծում են, որ միջազգային գործընկերները ճնշում են գործադրում Բաքվի վրա՝ դատական ​​որոշումները կատարելու համար

Հայաստանի միջազգային գործընկերները, մասնավորապես Եվրախորհուրդը, արդեն օգտագործում են իրենց քաղաքական գործիքները՝ ճնշում գործադրելու Բաքվի վրա, որպեսզի ադրբեջանական կողմը կատարի իր պարտավորությունները (Լաչինի միջանցքի հետ կապված - խմբ.), երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Նրա խոսքով, Արդարադատության միջազգային դատարանն ունի անհրաժեշտ քաղաքական գործիքներ՝ ապահովելու, որ իր ավելի վաղ հրապարակած որոշումները (Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը ապաշրջափակելու պահանջի հետ կապված) իրականացվեն։
«Ի տարբերություն ներպետական դատարանների, երբ կա դատարանի վճիռ, որի կատարման համար ուղարկում է Հարկադիր կատարման ծառայություն և կա պետական մարմին, որը ստիպում է այս կամ այն այդ վճիռը կատարել, նման միջազգային ատյանների կողմից կայացրած վճիռների ստիպողական գործիքակազմը քաղաքական է։ Եվ մեր միջազգային գործընկերները, մասնավորապես Եվրոպայի խորհուրդն, արդեն իր քաղաքական գործիքակազմն է կիրառում, ճնշում է, որպեսզի կողմը կատարի այն պատրավորությունները, որոնք դրվել են իր վրա»,- նշեց Մինասյանը։
Միաժամանակ նախարարը չհստակեցրեց, թե կոնկրետ ինչ մեխանիզմով է երաշխավորվում, որ ադրբեջանական կողմը ենթարկվի միջազգային դատարանների որոշումներին։

ՄԱԿ-ի դատարանի որոշումը
Փետրվարի 22-ին Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Հայաստանի պահանջը՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայով միջանկյալ միջոցներ կիրառելու մասին» և Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ: Հայաստանի մեկ այլ պահանջը՝ ապահովել Արցախ գազամատակարարման և էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը, դատարանը չընդունեց։
Միևնույն ժամանակ Հաագայի դատարանը մերժեց Ադրբեջանի մեղադրանքները Հայաստանի կողմից ղարաբաղյան հակամարտության գոտում տարածքների ենթադրյալ ականապատման վերաբերյալ։

Քննվում է ՄԻԵԴ-ում

Ավելի վաղ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացված չորս գործ է քննվում։ Առաջին հայցը վերաբերում է 2020 թվականի պատերազմին (Արցախում) և դրան հաջորդած Հայաստանի քաղաքացիների գերեվարման դեպքերին, իսկ երկրորդը՝ մեր գերիների նկատմամբ ապօրինի դատավարություններին։ Հայաստանը երրորդ հայցն է ներկայացրել 2021 թվականի մայիսին Ադրբեջանի զինված ուժերի՝ հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժումից հետո։ Չորրորդ հայցը վերաբերում է արցախյան Փարուխ գյուղի իրադարձություններին և Լաչինի միջանցքի շրջափակմանը։
Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակման մասին
Դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ. Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր (Լաչին) միջպետական ​​միջանցքը, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ամբողջությամբ փակվել է ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից։ Արդյունքում խախտվել են երկրի 120 հազար բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների իրավունքները։
Այս ընթացքում Ադրբեջանը պարբերաբար խափանում է գազի մատակարարումն Արցախ։ Հունվարի 9-ից չի գործում Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, ինչի պատճառով էլ Արցախում հունվարի 11-ից հովհարային անջատումներ են սկսվել։ Պարբերաբար խափանվում է հեռահաղորդակցությունն ու ինտերնետ կապը։
Արցախում ներդրվել է մի շարք պարենային ապրանքների կտրոնային համակարգ, երկիրն ապրում է ռեսուրսների, վառելիքի, սննդի, դեղորայքի և կենսական նշանակություն ունեցող այլ ապրանքների խնայողության ռեժիմով։