Բավ է պառակտվել
04-11-2021 12:07

Երևանում վաղաժամ են համարում հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման քարտեզների մասին խոսելը

Այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծման շուրջ բանակցություններ չկան, հետևաբար գործընթացի իրականացման կոնկրետ քարտեզների և փաստաթղթերի մասին խոսելը վաղաժամ է, ասել է փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը։

«[Ադրբեջանի հետ սահմանների] սահմանագծման շուրջ բանակցությունների մասին խոսելու համար անհրաժեշտ է, որ դրա շուրջ բանակցություններ վարվեն։ Քանի դեռ նման բանակցություններ չկան, վաղաժամ է ասել, թե ինչ քարտեզներով ու փաստաթղթերով ենք առաջնորդվում։ Երբ կլինեն բանակցություններ, միայն այդ ժամանակ կարող ենք վերադառնալ այս հարցին»,- նշել է նա խորհրդարանում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ հանդիպմանն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծման ու սահմանազատման հնարավորություններին։

Մոսկվայի դիրքորոշումը

Հոկտեմբերի 21-ին, ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի նիստում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ անհնար է կարգավորել իրավիճակը Ղարաբաղում սահմանին առանց Ռուսաստանի մասնակցության, քանի որ սահմանների քարտեզները գտնվում են ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբում։

Երեկ ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կրկին նշեց, որ Մոսկվան խնդրի համապարփակ լուծումը տեսնում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման գործընթացի շուտափույթ մեկնարկում՝ դրա հետագա սահմանազատմամբ։

Ավելի վաղ РИА Новости-ն, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր նոյեմբերի առաջին տասնօրյակում ՌԴ նախագահի՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ Մոսկվայում նախատեսված հանդիպման մասին։ Գործակալության տվյալներով՝ «ակնկալվում է հայտարարություն ընդունել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, փաստաթուղթ է պատրաստվում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծման և սահմանազատման մասին»։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հերքել է այս տեղեկությունը հետևյալ ձևակերմամբ․ «մոտ ժամանակներս Փաշինյանի հանդիպում Ալիևի հետ և երկու փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում»։