Եվրամիությունը մտադիր է ընդլայնել տնտեսական համագործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ, այդ թվում՝ Ռուսաստանը շրջանցող նոր տրանսպորտային միջանցքների կառուցման միջոցով։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը և Չինաստանը շարունակում են կարևոր դեր խաղալ Կենտրոնական Ասիայում։ Միաժամանակ, այս տարածաշրջանի երկրները ձգտում են դիվերսիֆիկացնել առևտրային և արտաքին քաղաքական հարաբերությունները՝ ԵՄ-ին համարելով ամենահարմար գործընկերը։ ԵՄ-ն իր հերթին շահագրգռված է «օգտվել այդ փոփոխություններից»։
«Մենք պետք է խորացնենք կապերը տարածաշրջանի հետ, օգտագործենք նրա հսկայական ներուժը, որը ներկայացված է էներգակիրներով, կարևոր հումքի մատակարարումներով և Ռուսաստանից անկախ նոր տրանսպորտային միջանցքներով», - գրել է եվրոպական դիվանագիտության ղեկավարն իր բլոգում։ Խոսքը, մասնավորապես, անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու մասին է, որի զարգացման մասին խոսվել է Բորելի՝ վերջերս Ղազախստան կատարած այցի ժամանակ։
Նա նշել է, որ ԵՄ-ն արդեն իսկ Կենտրոնական Ասիայի հիմնական առևտրային և ներդրումային գործընկերներից է։ «Վերջին տասը տարիների ընթացքում ԵՄ-ն ավելի քան 100 միլիարդ եվրո է ներդրել տարածաշրջանում՝ մեզ դարձնելով օտարերկրյա ուղղակի ներդրումների ամենամեծ աղբյուրը, զգալիորեն առաջ անցնելով Ռուսաստանից և Չինաստանից»,- հավելել է նա։