Եվրամիությունը կարևորում է Հայաստանի հետ փոխգործակցության խորացումը և աջակցում է տարածաշրջանային երկխոսությանը: Այս մասին ասել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
Ինչպես հայտնում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը, Փաշինյանը
կարևորել է Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը և բարձր գնահատել ԵՄ-ի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանային կայունությանը միտված ջանքերը:
Տարածաշրջանային խաղաղության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ: Անդրադարձ է եղել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքներին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն առնչվող հարցերի:
Բրյուսելյան հանդիման մասին
Մայիսի 22-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Հանդիպման արդյունքներով Միշելի հայտարարության համաձայն՝ Փաշինյանն ու Ալիևը, մասնավորապես, համաձայնության են եկել տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների շուրջ:
Նրանք նաև պայմանավորվել են շարունակել Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները, որով կարգավորվելու են միջպետական հարաբերությունները։ Այս համատեքստում Միշելն ընդգծել է «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»։