Բավ է պառակտվել
27-10-2018 16:25

19 տարի առաջ այս օրը Հայաստանի խորհրդարանում սպանվել են հերոսներ Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը և այլոք

Շաբաթ օրը Հայաստանը հիշում է 1999թ․հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում կատարված ահաբեկչության զոհերին։

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ սգո արարողությունը կանցնի խորհրդարանի բակում տեղադրված ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ։

19 տարի առաջ այս օրը խորհրդարանի վրա Նաիրի Հունանյանի խմբի հարձակման զոհ դարձան ԱԺ խոսնակ, Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Արցախի ազգային ազատագրական պայքարի հերոս, պատգամավոր Արմենակ Արմենակյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը։

19 տարի առաջ ահաբեկիչների խումբը ներխուժել է Ազգային ժողովի նիստերի դահլիճ և գնդակահարել հանրապետության խորհրդարանի և կառավարության այնտեղ գտնվող ղեկավարներին և անդամներին։

Ահաբեկիչների դատավարությունը տևել է 2001-ից 2003թթ։ Մեղադրող կողմը պահանջել է մահապատիժ, սակայն Հայաստանում մահապատիժը վերացվել է 2003թ․սեպտեմբերին։

Ցմահ բանտարկության են դատապարտվել վեց ահաբեկիչ, այդ թվում՝ խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրանց մորեղբայր Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանն ու Աշոտ Կնյազյանը, Համլետ Ստեփանյանը դատապարտվել է 14 տարի ազատազրկման։
Բոլոր յոթը մեղավոր են ճանաչվել Հայաստանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ հայրենիքի դավաճանություն, ահաբեկչություն, առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների իրականացում։