Բավ է պառակտվել
24-11-2015 16:50

Դուման առաջարկում է խզել դիվանագիտական հարաբերությունները Անկարայի հետ

Ռուսաստանի պետդուման Թուրքիայի զինված ուժերի կողմից ռուսական СУ-24 մարտական ինքնաթիռը խոցելու առնչությամբ հանդես է եկել Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին առաջարկությամբ, որն արդեն ներկայացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:  «Խնդրում ենք Ձեզ Թուրքիայի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանին հետ կանչել իրավիճակի պարզաբանման համար և միաժամանակ ուսումնասիրել դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցման հնարավերությունը`ընդուպ մինչև դրանց խզում, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում բարձրացնել Ռուսաստանի նկատմամբ Թուրքիայի ցուցաբերած ագրեսիայի պատասխանատվության հարցը, ինչպես նաև ճանաչել Թուրքիան` որպես ահաբեկչությանը աջակցող երկիր և համալիր միջոցներ ձեռնարկել` Իսլամական պետությանը և այլ ահաբեկչական խմբավորումներին Թուրքիայի կողմից ցուցաբերվող օժանդակությունը բացահայտելու համար»,-նշվում է Դումայի ներկայացված փաստաթղթում: Միաժամանակ ՌԴ պետդումայի փոխխոսնակ Նիկոլայ Վելիչևը դիմել է Ռուսավիացիայի գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Ներադկոին`առաջարկելով հնարավորության դեպքում դադարեցնել ավիահաղորդակցությունը Ռուսաստանի և Թուրքիայի միջև: «Խնդրում եմ Ձեզ անմիջապես և ամբողջովին դադարեցնել ավիահաղորդակցությունը Ռուսաստանի և Թուրքիայի միջև այնքան ժամանակ, քանի դեռ համալիր միջոցներ չեն ձեռնարկվել թուրքական օդանավակայաններում ահաբեկչության սպառնալիքի հնարավոր աղբյուրների բացահայտման ուղղությամբ»,-նշված է նամակում: Ըստ սկզբնաղբյուրի` ՄԱԿ-ը արձագանքել է ռուսական ինքնաթիռի խոցման հանգամանքին` հայտարարելով, թե «Միջադեպը կարող է բարդացնել ահաբեկչության դեմ մղվող պայքարը»: Հյուսիսատլանտյան դաշինքը այսօր երեկոյան արտակարգ խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ քննարկվելու է ռուսական СУ-24 ինքնաթիռի խոցման արդյունքում ձևավորված իրադրությունը: Իսկ մինչ այդ  պաշտոնական Կրեմլը հայտարաել է, որ ճիշտ չի լինի հիմա խոսել այն մասին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ռուսական ինքնաթիռի խոցելը ռուս-թուրքական հարաբերությունների վրա: «Սխալ կլիներ գնահատականներ տալ տեղի ունեցածի առնչությամբ քանի դեռ մենք ձեռքի տակ չունենք ամբողջական տեղեկատվություն միջադեպի վերաբերյալ: Պետք է զինվել համբերությամբ»,-նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: