Բավ է պառակտվել
11-05-2022 22:08

Իրանն անընդունելի է համարում Թուրքիայի կողմից Արաքս գետի վրա ամբարտակների կառուցումը․ նախարար

Իրանն անընդունելի է որակել Թուրքիայի կողմից Արաքս գետի վրա ամբարտակների կառուցումը: Այս մասին ասաց Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

Նրա խոսքով, ամբարտակների շինարարության հարցում Թուրքիայի կողմից ձեռնարկվող քայլերը համաձայնեցված չեն Արաքս գետի ավազանի երկրների հետ: Նախարարի խոսքերը մեջբերում է «Արմենպրես» գործակալությունը։

Մեհրաբիանը նշել է, որ իրանական կողմն այդ մասին իր մտահոգությունն է արտահայտել Թուրքիային:

«Մենք գտնում ենք, որ Արաքս գետի ավազանում գտնվող բոլոր պետությունները ամբարտակների շինարարության, ինչպես նաև Արաքս գետի ջրի օգտագործման հարցում պետք է համաձայնեցված կերպով աշխատեն, և միակողմանի անհատական մոտեցումը կարող է իր մեջ Արաքս գետի համար վտանգներ ներառել»,- ասել է նա:

Արաքս գետն Անդրկովկասի ամենամեծ գետերից է։ Այն սկիզբ է առնում Թուրքիայի արևելքւմ և հոսում հայ-թուրքական սահմանի երկայնքով, այնուհետև Թուրքիայի և Նախիջևանի (ինքնավար հանրապետություն Ադրբեջանի կազմում) և Իրանի և Ադրբեջանի միջև։