Բավ է պառակտվել
09-06-2022 10:51

Չինաստանում հայտարարում են աշխարհակարգի խարխլման մասին՝ հակառուսական պատժամիջոցների պատճառով

Ֆուդանի համալսարանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Ու Սինբոն ասել է, որ միջազգային հարաբերությունների համակարգը կտրուկ կփոխվի Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ֆոնին։ Այս կարծիքը նա հայտնել է չինական «Խուանցյու շիբաո» թերթի համար հրապարակված հոդվածում, փոխանցում է lenta.ru-ն։

Նա նշել է, որ իրավիճակը վաղուց դուրս է եկել երկու երկրների հակամարտության սահմաններից։ Ըստ Ու Սինբոյի՝ այն, ինչ տեղի է ունենում, ներառում է լուրջ պառակտումներ, հակասություններ և բախումներ միջազգային համակարգում։ Փորձագետը հատուկ գործողության նպատակներից է անվանել նաև Եվրոպայում ԱՄՆ-ի հեգեմոնիայի դադարեցումը։

Բացի այդ, Ու Սինբոն խոսել է երեք «հարվածների» մասին սառը պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգին։ Նրա կարծիքով, առաջինը Իրաքի պատերազմն էր, որը սանձազերծեց Վաշինգտոնը` շրջանցելով ՄԱԿ-ը։ Երկրորդ հարվածը հասցրեց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը, որը ներառում էր ունիլատերալիզմը՝ միաբևեռ մոտեցումը և Չինաստանի դեմ աննախադեպ առևտրային պատերազմը։ Արդյունքում, նշում է փորձագետը, վնասվեց միջազգային համակարգը, ոչնչացան դրա կանոնները և թուլացավ աշխարհակարգը։

Երրորդ հարվածը Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությունն է, ինչպես նաև Արևմուտքի կողմից ընդունված աննախադեպ հակառուսական պատժամիջոցները։ Ու Սինբոն ընդգծել է, որ այդ միջոցները լրջորեն խաթարում են հաստատված միջազգային կանոնները։ «Այդ պատժամիջոցների ազդեցությունը միջազգային համակարգի վրա կլինի հսկայական և երկարաժամկետ»,- զգուշացրել է փորձագետը։

Ավելի վաղ չինական Global Times թերթը կանխատեսել էր, որ ուկրաինական ճգնաժամը կփոխի ժամանակակից աշխարհակարգը և կհանգեցնի ԱՄՆ-ի գերակայության ավարտին։ Ֆուդանի համալսարանի Չինաստանի ինստիտուտի տնօրեն Չժան Վեյվեյը Ռուսաստանին անվանել է «հեղափոխական», որը փոխում է աշխարհակարգը։ Նա կարծում է, որ Մոսկվան ավելի խորը նպատակ ունի, այն է՝ ոչնչացնել միաբևեռ աշխարհակարգը, որը ձևավորվել է սառը պատերազմի ավարտից հետո, որտեղ գերիշխում է ամերիկյան հեգեմոնիան։