Բավ է պառակտվել
19-05-2020 14:03

Բոլորն եկան ապրիլյան քննիչ հանձնաժողով,բացի Յուրի Խաչատուրովից․

«Ինձ վերաբերող բոլոր հարցերը գաղտնի են»։ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին զգուշացնում է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզական վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը։

Վերջինիս աշխատանքից ազատել էր այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը։ Կարապետյանը այժմ զբաղեցնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնը:
Այս հանձնաժողովում գեներալ-մայորը հյուրընկալվում է երկրորդ անգամ: Առաջին անգամ Արշակ Կարապետյանն հանձնաժողով էր եկել նախորդ տարվա հոկտեմբերին։ Հանդիպումից հետո վերջինս հրաժարվել էր պատասխանել լրագրողների հարցերին:

Այսօր երկու ժամ տևած նիստից հետո նա բացատրեց, որ ոչ թե խուսափում է լրագրողներից այլ իրեն վերբերվող հարցերը գաղտնիություն են պարունակում։ Իսկ ի՞նչու հրավիրվեց երկրորդ անգամ։
«Ճշտելու հարցեր ունեին, հարցերը տվեցին, նորից պատասխանեցի, մարդկանց մոտ լրացուցիչ հարցեր են առաջանում»,–ասաց Կարապետյանը։
Մամուլը գրեց, որ երբ Սերժ Սարգսյանը եղավ հանձնաժողովում Կարապետյանի մասով որոշ տեղեկություններ փոխանցեց, հետևաբար նրան կրկնակի հարցաքննելու որոշում է կայացվել։ Ինքը Կարապետյանն ասաց, որ տեղյակ չէ, թե Սերժ Սարգսյանը ինչ պատասխաններ է տվել։ Իսկ նախորդ անգամ, երբ Արշակ Կարապետյանը մասնակցել էր հանձնաժողովի նիստին, նիստի ավարտից հետո Անդրանիկ Քոչարյանը ասել էր․բոլոր նախադրյալները եղել են, որ հակառակորդը պատրաստվում է հարձակման։ Արդյո՞ք նման տեղեկատվություն փոխանցել է Կարապետյանը՝ հանձնաժողովին։
«Ադրբեջանի համար կարևոր է իմանալ`հետախուզությունն իմացե՞լ է, թե՞ ոչ: Երկու պատասխանն էլ շատ կարևոր բան է. եթե չենք իմացել, դա էլ է իրենց համար կարևոր, եթե իմացել ենք` դա էլ է կարևոր: Ոչ թե ես չեմ ուզում խոսել, ոչ թե ես չեմ ուզում պաշտպանվել, հարցն այստեղ չի: Հարցն այնտեղ է, որ մենք չենք կարող սա իրենց ասել, սա շատ վտանգավոր է»:
Դիտարկմանը թե վարչապետն ասել է, որ օպերատիվ տվյալների խնդիր, պակաս չի եղել, Կարապետյանը խորհուրդ տվեց այդ հարցը տալ Ապրիլյան դեպքերը քննող հանձնաժողովին:
«Ես իմ մասնագիտական գնահատականն եմ ասում, ինչի՞ պիտի քննարկեմ վարչապետի ասածը: Վարչապետի ասածը ո՞նց կարող եմ ես քննարկել: Ես չեմ կարող քննարկել»,- ընդգծեց նա` վստահեցնելով, որ եթե տասն անգամ էլ պետք լինի, պարտավոր է գալ հանձնաժողով, թեպետ պնդեց, որ բոլոր հարցերի պատասխանները տվել է:
Եթե տասն անգամ էլ պետք լինի, Կարապետյանը պատրաստ է գալ հանձնաժողով, սակայն մեկ անգամ՝ այս պահի դրությամբ պատրաստ չէ հանձանաժողովին ներկայանալ գեներալ, գնդապետ Յուրի Խաչատուրովը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ասում է, որ Կարապետյանին երկրորդ անգամ հրավիրելն էլ կապված էր Խաչատուրովի չգալու հետ։
«Եթե կրկին կանչել ենք նշանակում է՝ վերլուծությունների արդյունքում հարցեր են առաջացել: Եվ հանձնաժողովի այսօրվա նիստում հանգամանորեն ճշտվել են այդ հարցերը: Հաջորդը, ում հրավիրել ենք՝ Էդվարդ Նալբանդյանն է: Այս պահի դրությամբ տվել է համաձայնություն, որ կմասնակցի հանձնաժողովի աշխատանքներին։ Նախատեսվում է, որ քննիչ հանձնաժողովի նիստը կանցկացնեն մայիսի 26-ին կամ 27-ին»,–ասաց Քոչարյանը:
Հանձնաժողովի հարցերին պատրաստ է պատասխանել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը, սակայն այս պահին դեռ հանձնաժողովը նրան հրավիրելու որոշում չունի։ Հանձնաժողովի աշխատանքները կավարտվեն հունիսի 4-ին և ամբողջական զեկույցը կներկայացվի արդեն աշնանային նստաշրջանի ժամանակ։

 

 

Արմինե Գևորգյան