Բավ է պառակտվել
27-01-2023 15:53

ԱՄՆ Կոնգրեսում կներկայացվի Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով բանաձև

ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դավիթ Վալադաոն և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Բրեդ Շերմանը շրջանառության մեջ են դրել երկկուսակցական բանաձևի նախագիծ՝ նպատակ ունենալով վերջ տալ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։ Այս մասին հայտնում է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակը։

Ադրբեջանի գործողությունները խստորեն դատապարտելուց բացի բանաձևի նախագիծը նաև նախանշում է որոշակի գործողությունների շրջանակ, որոնք Միացյալ

Նահանգները կարող է ձեռնարկել՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար։ Մասնավորապես առաջարկվում է․

1. Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների միջազգային քննությանն օժանդակություն։
2. Միջազգային գործընկերների և Արցախի իշխանությունների հետ համագործակցություն՝ Լաչինի միջանցքում միջազգային դիտորդների տեղակայման ուղղությամբ։
3. Նախագահի կողմից 907-րդ բանաձևի պահանջների անհապաղ կատարման ապահովում և Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական ու անվտանգային աջակցության դադարեցում։
4. Նախագահի կողմից Արցախի շրջափակմ4. Նախագահի կողմից Արցախի շրջափակման և մարդու իրավունքների այլ խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ օրենքով սահմանված պատժամիջոցների կիրառում։
5. Արցախում հումանիտար ճգնաժամից տուժած բնակչության համար ամերիկյան հումանիտար օժանդակության ապահովում, ներառյալ Արցախում USAID-ի (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն) գրասենյակի բացում։
Կոնգրեսականներին ուղղված նամակում Փալոնն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը քայլեր է ձեռնարկում հայ բնակչությանն Արցախից վտարելու ուղղությամբ, ինչը էթնիկ զտումների հստակ ակնհայտ նշան է, որը չի կարելի անտեսել։
«Միացյալ Նահանգները պետք է անհապաղ գործեն և օգտագործեն բոլոր հասանելի դիվանագիտական գործիքները՝ միջանցքը վերաբացելու համար, նախքան այս հումանիտար ճգնաժամը դառնա աղետալի»,- նշել է նա:
Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակման մասին
Դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ. Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր (Լաչին) միջպետական ​​միջանցքը, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ամբողջությամբ փակվել է ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից։ Արդյունքում խախտվել են երկրի 120 հազար բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների իրավունքները։
Այս ընթացքում Ադրբեջանը պարբերաբար խափանում է գազի մատակարարումն Արցախ։ Հունվարի 9-ից չի գործում Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, ինչի պատճառով էլ Արցախում հունվարի 11-ից հովհարային անջատումներ են սկսվել։ Պարբերաբար խափանվում է հեռահաղորդակցությունն ու ինտերնետ կապը։
Հունվարի 17-ին շրջափակման պատճառով Հայաստանում մնացած 19 արցախցի երեխա վերադարձավ տուն՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։
Ներկայումս հանրապետությունում ներդրվել է մի շարք պարենային ապրանքների կտրոնների համակարգ, երկիրն ապրում է ռեսուրսների, վառելիքի, սննդի, դեղորայքի և կենսական նշանակություն ունեցող այլ ապրանքների խնայողության ռեժիմով։