Բավ է պառակտվել
09-02-2023 16:20

ԱՄՆ Կոնգրեսում պահանջում են պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Արցախի շրջափակման համար

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Արցախի շրջափակման դեմ բանաձևի նախագիծ է ներկայացրել, որը նպատակ ունի մեծացնել ԱՄՆ-ի ճնշումը Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի Բաքուն վերջ տա իրենց պատմական հայրենիքում 120 հազար արցախցիների երկու ամիս շարունակվող շրջափակումը։
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտնում է, որ երկկուսակցական օրինագծին արդեն իր աջակցությունն է հայտնել 65 կոնգրեսական։
Փաստաթղթի համահեղինակները ուղղակիորեն նշում են հումանիտար այս ճգնաժամի համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։ Նրանք ընդգծում են, որ Արցախում հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան անընդունելի է և ոչ միայն խախտում է միջազգային պայմանագրերն, այլև խոչընդոտում է մարդկանց սննդամթերքով, դեղորայքով և այլ առաջին անհրաժեշտության ապրանքներով մատակարարմանը։
«Ալիևի ռեժիմը կանխամտածված քայլեր է ձեռնարկում բնիկ հայերին Արցախից հեռացնելու համար և նրանց զրկելու իրենց նախնիների երկրում ազատ, ժողովրդավարական և արժանապատիվ ապրելու հնարավորությունից։ Այս ամենը էթնիկ զտումների ակնհայտ նշան է, որը մենք չենք կարող անտեսել… Միացյալ Նահանգները պետք է անհապաղ գործի և օգտագործի բոլոր հասանելի դիվանագիտական գործիքները միջանցքը վերաբացելու համար, քանի դեռ հումանիտար ճգնաժամը չի դարձել աղետալի», - ասվում է Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի գործընկերներին ուղղված՝ բանաձևին աջակցելու կոչով նամակում։
Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակման 60-րդ օրը
Դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ. Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր (Լաչին) միջպետական ​​միջանցքը, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ամբողջությամբ փակվել է ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից։ Արդյունքում խախտվել են երկրի 120 հազար բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների իրավունքները։
Այս ընթացքում Ադրբեջանը պարբերաբար խափանում է գազի մատակարարումն Արցախ։ Հունվարի 9-ից չի գործում Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, ինչի պատճառով էլ Արցախում հունվարի 11-ից հովհարային անջատումներ են սկսվել։ Պարբերաբար խափանվում է հեռահաղորդակցությունն ու ինտերնետ կապը։
Հունվարի 17-ին շրջափակման պատճառով Հայաստանում մնացած 19 արցախցի երեխա վերադարձավ տուն՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։
Ներկայումս հանրապետությունում ներդրվել է մի շարք պարենային ապրանքների կտրոնների համակարգ, երկիրն ապրում է ռեսուրսների, վառելիքի, սննդի, դեղորայքի և կենսական նշանակություն ունեցող այլ ապրանքների խնայողության ռեժիմով։

Արցախը պատրաստ է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի իշխանություններին պատերազմական հանցագործությունների համար
Ադրբեջանի կողմից շրջափակման պատճառով Արցախում ձեռնարկություններ են փակվում
Արցախի դեմ Ադրբեջանի «էկոլոգիական պահանջները» ոչ մեկի համար արժանահավատ չեն հնչում. Վարդանյան
Արցախի ԱԳ նախարարը՝ ճգնաժամը հաղթահարելու քայլերի, Ադրբեջանի շրջափակման նպատակների և պահանջների մասին
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը նպատակ ունի Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծել