Բավ է պառակտվել
16-02-2022 18:09

Կրեմլում մեկնաբանել են ԱՄՆ նախագահի կոչը ռուսաստանցիներին

Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կոչը ռուս ժողովրդին՝ հավաստիացումներով, որ ԱՄՆ-ն ռուսաստանցիներին թշնամի չի համարում, ավելի տպավորիչ կլիներ, եթե չուղեկցվեր մշտական ​​սպառնալիքներով։

«Դրանում, երևի, դատապարտելի ոչինչ չկա, և, հավանաբար, կարելի է ողջունել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ աշխարհի ամենամեծ երկրներից, ամենահզոր պետություններից մեկի նախագահն, իսկապես մտածում է ռուս ժողովրդի մասին։ Սա, հավանաբար, պետք է մեզ հաճելի լինի»,- ասել է Պեսկովը չորեքշաբթի օրը լրագրողներին, պատասխանելով Բայդենի՝ ռուսաստանցիներին ուղղված խոսքերը մեկնաբանելու ՏԱՍՍ-ի խնդրանքին։

«Եթե մենք լսեինք կոչ առանց սպառնալիքների, ապա, հավանաբար, ռուս ժողովուրդը շատ ավելի տպավորված կլիներ»,- հավելել է նա։

Ինչպես նշել է Պեսկովը, Ուկրաինա ենթադրյալ ներխուժման դեպքում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սպառնալիքներն ու ԱՄՆ-ի որոշակի արձագանքն արդեն հոգնեցնում են։ «Իհարկե, մենք կնախընտրեինք չլսել տարբեր սպառնալիքներ, թե ինչ կլինի մեզ հետ, եթե այնտեղ ինչ-որ բան անենք, ինչը չենք պատրաստվում անել: Այս սպառնալիքները, որոնք ամեն օր մանտրայի պես կրկնվում են, ճիշտն ասած, արդեն իսկ բավականին հոգնեցրել են», - ասել է Կրեմլի խոսնակը:

Պեսկովն ասել է, որ լավ կլիներ, եթե Բայդենը կոչ աներ ուկրաինացի ժողովրդին՝ այլևս երբեք չկրակել միմյանց վրա։ «Բացի այդ, իհարկե, այս կոչն ավելի տպավորիչ կլիներ, եթե Միացյալ Նահանգների նախագահը դիմեր ուկրաինացի ժողովրդին և կոչ աներ ուկրաինացի ժողովրդին երբեք չկրակել միմյանց վրա: Այ դա շատ լավ կլիներ», - ասել է Կրեմլի խոսնակը, պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

Պեսկովը հավելել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես չի գա պատասխան կոչով։

Անվտանգության շուրջ բանակցություններ

Կրեմլը դրական է համարում այն, որ Բայդենը պատրաստակամություն է ցուցաբերում բանակցություններ վարել Ռուսաստանի Դաշնության հետ անվտանգության ոլորտում։ Պեսկովը հիշեցրել է, որ Պուտինն ընդգծում է Մոսկվայի ցանկությունն ու պատրաստակամությունը՝ բանակցել անվտանգության շուրջ։ «Եվ, հավանաբար, դրական է, որ ԱՄՆ նախագահը նույնպես հայտարարում է նման լուրջ բանակցություններ սկսելու իր պատրաստակամության մասին»,- կարծում է Կրեմլի խոսնակը։

Ընդ որում, Մոսկվայի համար կարևոր է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Արևմուտքի պատասխաններում առկա «ռացիոնալ սերմերը» քննարկվեն Ռուսաստանի համար առաջնահերթ թեմաների հետ կապակցված, ընդգծել է մամլո քարտուղարը։ «Մենք հույս ունենք, որ այս բանակցային գործընթացը կսկսվի»,- հավելել է նա։

Պեսկովին հարցրել են, թե ինչպես հանգուցալուծել այս իրավիճակը, եթե Ռուսաստանի Դաշնության համար սկզբունքային շատ ասպեկտներ ԱՄՆ-ի համար անընդունելի են։ «Հենց դրա համար էլ գոյություն ունի դիվանագիտությունը․ շփման հնարավոր կետեր փնտրելու և առաջին հայացքից տրամագծորեն հակառակ թվացող դիրքորոշումների մերձեցմանը նպաստելու համար»,- ի պատասխան ասել է նա։

Կրեմլի խոսնակը պարզաբանել է, որ շփման կետերի կոնկրետ ըմբռնում դեռ չկա։ Դա դեռ պետք է մշակվի բանակցությունների ընթացքում։

«Հենց դա էլ կլինի բանակցությունների արդյունքը, շատ դժվար բանակցությունների, որոնք կպահանջեն երկու կողմերից ճկունություն, կպահանջեն քաղաքական կամք և,հավանաբար ցուցադրում, որ դիվանագիտությանը նվիրվածության մասին այս հայտարարությունները սին չեն, այլ իրական հանձնառություն են հանդիսանում»,- ամփոփել է Պեսկովը։

Երեքշաբթի օրը ելույթ ունենալով Սպիտակ տանը, Բայդենը դիմել է ռուս ժողովրդին հայտարարությամբ, որ չի հավատում Ուկրաինայի դեմ պատերազմ մղելու Ռուսաստանի ցանկությանը և ասել է. «Ես դիմում եմ ռուս ժողովրդին․ մենք ձեզ թշնամի չենք»։

Վերջերս արևմտյան երկրներում, ինչպես նաև Ուկրաինայում հայտարարություններ են հնչում Ուկրաինայի տարածք ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունները լարվածության դատարկ և անհիմն սրացում է անվանել։ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամն ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։