Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության՝ Պրովանս Ալպ Կոտ դ՛Ազյուր շրջանի ղեկավար Ռենո Մուզելիեի հետ հանդիպմանը ստորագրվել է համատեղ հռչակագիր։ Հանդիպումը կայացել է Մարսելում, պատվիրակության Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Հռչակագրում դատապարտվում է Արցախի և Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ագրեսիան և աջակցություն է հայտնվում Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքներին, հատկապես՝ ինքնորոշման իրավունքին:
Փաստաթղթում ընդգծվում է, որ ղարաբաղյան հակամարտության միայն խաղաղ և բոլոր կողմերի շահերը հարգող կարգավորումն է կարող տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման նոր էջ բացել: Միաժամանակ կոչ է արվում միջազգային հանրությանը՝ դատապարտելու Ադրբեջանին՝ ռազմական հանցագործությունների, մարդու իրավունքների ոտնահարման, ինչպես նաև Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների ու ռազմագերիների ազատազրկման համար:
Արցախի պատվիրակությունը հանդիպել է նաև Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի հետ։
Քննարկվել են Արցախի շրջանների ու համայնքների հետ ապակենտրոն համագործակցությանը վերաբերող հարցեր: Քաղաքապետ Պայանը հավաստիացրել է, որ շարունակելու է գործադրել բոլոր հնարավոր ջանքերը Արցախին ուղղված հումանիտար օժանդակության ծրագրերն ավելացնելու ուղղությամբ: