Բավ է պառակտվել
11-07-2022 13:48

Միջազգային հանրությունում Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու պահանջ չկա. Իշխան Սաղաթելյան

Միջազգային հանրությունում Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու պահանջ չկա. Այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Դիմադրություն» շարժման առաջնորդներից մեկը՝ ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների այն պնդմանը, թե կա միջազգային պահանջ և կոնսենսուս՝ իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, համենայնդեպս, իմ տպավորությամբ, նման պահանջ չկա։ Բոլոր այն հանդիպումներում, որ ես ունեցել եմ Հայաստանի հարցով կարծիք ձևավորողների և կարծիք ստեղծողների հետ, ակնհայտ էր, որ նշաձողն իջեցնելու ընդգծված պահանջ չկա»,- ասաց նա։

Սաղաթելյանը նշեց, որ կա խաղաղ օրակարգի և խաղաղության հասնելու պահանջ, և որ միջազգային գործընկերները հասկանում են Հայաստանի խաղաղության ձգտումը, բայց ոչ հայրենիքից զրկելու գնով, և որ պարտադրված խաղաղությունը չի կարող կայունություն ապահովել տարածաշրջանում։

Հուլիսի 4-8-ը Սաղաթելյանն աշխատանքային այցով գտնվում էր Ստրասբուրգում Եվրոպական խորհրդի նստավայրում, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել ԵՄ պաշտոնյաների հետ։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ միջազգային հանրությունը կոչ է անում Հայաստանին իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը, այլապես չի կարողանա օգնություն ցուցաբերել հայկական կողմին։ Այս հայտարարությունը լայն արձագանք առաջացրեց թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։ Նա նաև հայտարարել էր, որ դա նորություն չէ, այլ բարձրաձայնվել է ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում։