Բավ է պառակտվել
11-08-2022 18:30

ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Երևանի և Անկարայի հատուկ ներկայացուցիչների ծրագրված հանդիպման մասին տեղեկատվությունը

Հայաստանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Երևանի և Անկարայի հատուկ ներկայացուցիչների ծրագրված հանդիպման մասին տեղեկատվությունը

ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին։

«Այս պահի դրությամբ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։ Հայաստան֊-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների մասին մենք հանրությանը պատշաճ ժամկետներում, նախօրոք տեղեկացնում ենք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Վահան Հունանյանը։

Թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով թուրք բարձրաստիճան դիվանագետին, նաև գրել են, որ հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Թուրքիայում։

Հայ-թուրքական հանդիպումների մասին

Ավելի վաղ Հայաստանն ու Թուրքիան նշանակել էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իրենց հատուկ ներկայացուցիչներին։

Հայ և թուրք հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ խոսնակ Ռուբեն Ռուբինյանի և փորձառու դիվանագետ, ԱՄՆ թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին Մոսկվայում։ Նրանց երկրորդ հանդիպումն անցել է փետրվարի 24-ին Վիենայում, երրորդը՝ մայիսի 3-ին Վիենայում։

Հուլիսի 1-ին Վիեննայում կայացած չորրորդ հանդիպմանը կողմերը պայմանավորվել են ապահովել Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանի հատումը այս երկրներ այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև հնարավորինս արագ սկսել ուղիղ օդային բեռնափոխադրումներ Հայաստանի և Թուրքիայի միջև և որոշում է կայացվել սկսել այս ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները։

Մարտի 12-ին Անթալիայում՝ Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում, տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։ Միրզոյանն ավելի ուշ հայտնել է, որ քննարկվել է հարաբերությունների կարգավորման հետագա ընթացքը, կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունն առաջ տանել այդ գործընթացն առանց նախապայմանների, որպեսզի այն պսակվի երկու երկրների միջև հարաբերությունների հաստատմամբ և սահմանների բացմամբ։

Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են, որ իրենց նպատակն է այս գործընթացի միջոցով հասնել երկրների միջև լիարժեք կարգավորման։