Բավ է պառակտվել
09-04-2021 19:22

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահի Ղարաբաղի շուրջ պնդումը

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի այն պնդումները, որ ռուսական կողմը չէր գնա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ գաղափարների իրականացմանը։

Մասնավորապես, հայկական Tert.am-ը հարցրել է․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռ. Հոգլանդը հայտարարել է, որ, իբր, ռուս համանախագահ Ի. Պոպովն իրեն ասել է, որ նույնիսկ եթե հայկական և ադրբեջանական կողմերը համաձայնեն Ս. Լավրովի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ գաղափարների հետ, ռուսական կողմը չի համաձայնի դրանց իրականացմանը: Որքանո՞վ է այս հայտարարությունը համապատասխանում իրականությանը»:

«Բացարձակապես չի համապատասխանում: Ռուսաստանը միշտ պատրաստ է եղել կարգավորման այն տարբերակին, որին հավանություն կտան հակամարտության կողմերը: Այս մասին բազմիցս խոսել է Ռուսաստանի Դաշնության նախագահը: Այս դիրքորոշումը որոշիչ է Ռուսաստանի համանախագահության աշխատանքում: Թե ինչով է առաջնորդվել Ռ. Հոգլանդը, որը նման հայտարարություն է արել, չեմ պատրաստվում գուշակել»,- պատասխանել է նա:
Զախարովան ընդգծել է, որ կարգավորման առաջարկների փաթեթը, բացի Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հռչակագրից, ներառում էր նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համատեղ հայտարարությունը դրան աջակցելու մասին:

«Այս երկու փաստաթղթերը, գումարած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որը հաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկությունների փաթեթը, կազմում էին այն ժամանակվա ռուսական առաջարկների էությունը, որոնց մասին մանրամասն տեղեկացված էին մյուս համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան և որին նրանք լիովին աջակցում էին»,- ասել է Զախարովան: