Բավ է պառակտվել
03-11-2021 17:51

Ռուսաստանի ԱԳՆ-ում գնահատել են պատերազմից մեկ տարի անց ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը

ՌԴ ԱԳՆ-ն հաջորդ շաբաթ նախատեսում է մանրամասն մեկնաբանություն տալ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունման տարելիցի կապակցությամբ, չորեքշաբթի ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այժմ կարող եմ ասել, որ աշխատանքները բոլոր ուղղություններով շարունակվում են, երեք երկրների ղեկավարների կողմից լիակատար հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին հռչակագրի ընդունման մոտալուտ տարելիցը քննարկվել է նոյեմբերի 1-ին և 2-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի ու Ադրբեջանի նրա գործընկերների միջև կայացած հեռախոսազրույցներում»,- ասել է նա։

Զախարովայի խոսքով, նախարարները համակարծիք էին այն գնահատականներում, որ վերջին մեկ տարվա ընթացքում իրավիճակը տարածաշրջանում կայունացել է, հրադադարը հիմնականում պահպանվում է։

Նա նշել է, որ Բաքվում և Երևանում բարձր են գնահատում ռուս խաղաղապահների դերը, առանձին միջադեպերը կարգավորվում են երկու կողմերի հետ փոխգործակցության միջոցով, ջանքեր են գործադրվում նաև տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ։

«Ինչպես գիտեք, հոկտեմբերի 20-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի նիստը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ»,- հիշեցրել է Զախարովան։

Նրա խոսքով, շարունակվում են շփումները երեք երկրների արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, սահմանային ծառայությունների մակարդակով՝ սահմանային միջադեպերը կարգավորելու նպատակով։

«Խնդիրի համալիր լուծումը մենք տեսնում ենք նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկում՝ դրան հաջորդող ահմանագծմամբ և, իհարկե, ակտիվ աշխատանք է տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ ի դեմս համանախագահների, ինչի մասին լրատվամիջոցները պարբերաբար տեղեկացվում են համապատասխան մամուլի հաղորդագրություններում»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Լրատվամիջոցներում շրջանառվող նոր փաստաթղթերի հնարավոր ստորագրման մասին տեղեկությունների վերաբերյալ Զախարովան պատասխանել է, որ նման տեղեկություն չունի՝ առաջարկելով երեք երկրների ղեկավարների մամլո ծառայություններին թողնել այս թեմայի վերաբերյալ մեկնաբանությունները։