Բավ է պառակտվել
19-03-2022 17:20

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաստատել է երկրի զինված ուժերի կողմից դեպի Ազովի ծով ելքի կորուստը

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ երկրի զինված ուժերը կորցրել են ելքը դեպի Ազովի ծով։ Համապատասխան հաղորդագրությունը շաբաթ օրը հրապարակվել է ռազմական գերատեսչության ֆեյսբուքյան էջում։

Տեքստում նշվում է, որ առաջխաղացող ուժերը «հաջողության են հասել Դոնեցկի օպերատիվ տարածքում․ նրանք ժամանակավորապես զրկել են Ուկրաինային դեպի Ազովի ծով ելքից»։

Մարտի 1-ին ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի առաջապահ ջոկատները հասել են Դոնեցկի մարզի վարչական սահման և միացել ռուսական բանակի ստորաբաժանումներին, ամբողջությամբ կտրելով ուկրաինացի զինվորականների ելքը դեպի Ազովի ծով։

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության խնդրանքին։ Նա ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը, իսկ նպատակները երկրի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։ Ինչպես, իր հերթին, հավաստիացրել է ՌԴ ՊՆ-ն՝ ռուս զինվորականները հարվածներ չեն հասցնում քաղաքներին, այլ ոչնչացնում են միայն ռազմական ենթակառուցվածքները, ուստի խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։