Բավ է պառակտվել
03-11-2021 17:45

Մոսկվան պաշտպանել է Էրդողանի և Ալիևի գաղափարը. «3+3» համագործակցության ձևաչափը շահեկան է տարածաշրջանի բոլոր երկրների համար

Պաշտոնական Մոսկվան աջակցում է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ տարածաշրջանային համագործակցության այսպես կոչված «3+3» խորհրդատվական մեխանիզմ ստեղծելու գաղափարին։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Խոսքը Հարավային Կովկասի երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և նրանց հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասին է, և, իհարկե, մենք կարծում ենք, որ եկել է ժամանակն այդ ծրագրերը գործնական հարթության փոխադրելու համար»,- ասել է նա։

Զախարովան վստահություն է հայտնել, որ բազմակողմ տարածաշրջանային համագործակցության զարգացումը համապատասխանում է այս ձևաչափի բոլոր ապագա մասնակիցների շահերին։

«Մեր կարծիքով, դրա գործարկումը կնպաստի միջպետական հարաբերությունների նկատմամբ վստահության բարձրացմանը, առկա հակասությունների լուծմանը, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ներուժի բացահայտմանը: Հարցերը շատ են, մանավանդ որ ավելացել են նոր տարրեր․ խնդիրները, որոնք կային ավելի վաղ, օրինակ համավարակը, որը նոր շեշտադրումներ է դրել, հետևաբար, ձևաչափը կարող է և պետք է նոր շեշտադրումներ բերի, լուծումներ առաջարկի հաղթահարելու ինչպես հին խնդիրներն, այնպես էլ նոր մարտահրավերներն», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։