Բավ է պառակտվել
19-04-2022 20:23

Հայաստանի Ազգային ժողովում լսումներ կանցկացվեն Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ

Հայաստանի Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ կանցկացվեն «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» հայտարարության նախագծի վերաբերյալ:

Ինչպես տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից՝ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումները տեղի կունենան ապրիլի 21-ին։

Հայ-թուրքական հանդիպումների մասին

Ավելի վաղ Հայաստանն ու Թուրքիան նշանակել էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իրենց հատուկ ներկայացուցիչներին։

Հայ և թուրք հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ խոսնակ Ռուբեն Ռուբինյանի և փորձառու դիվանագետ, ԱՄՆ թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, երկրորդ հանդիպումը՝ փետրվարի 24-ին Վիենայում։ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը կկայանա Վիենայում։

Հայաստանի ԱԳՆ-ն հատուկ ներկայացուցիչների դրական է գնահատել, նշելով, որ վերջնական նպատակը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումն է։

Մարտի 12-ին Անթալիայում՝ Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում, տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։ Միրզոյանն ավելի ուշ հայտնեց, որ քննարկվել է հարաբերությունների կարգավորման հետագա ընթացքը, կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունն առաջ տանել այդ գործընթացն առանց նախապայմանների, որպեսզի այն պսակվի երկու երկրների միջև հարաբերությունների հաստատմամբ և սահմանների բացմամբ։

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բացակայության մասին

1991-ի դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, բայց մինչ օրս հրաժարվում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել:

1993-ին Թուրքիան միակողմանիորեն փակեց իր օդային և ցամաքային սահմանները Հայաստանի հետ: Օդային սահմանը բացվել էր 1995-ին` միջազգային հանրության ճնշման ներքո: Ցամաքային սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք անընդունելի պայմաններ, մասնավորապես` հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից:

1991 թվականից ի վեր արվել են երկկողմ հարաբերությունների կարգավորման մի շարք փորձեր, որոնք արդյունք չեն տվել Թուրքիայի դիրքորոշման պատճառով:

Հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008-ի աշնանը նախաձեռնել էր Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը: 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն 2010 թվականի ապրիլի 22-ին Սարգսյանն իր հրամանագրով կասեցրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել այն։