Բավ է պառակտվել
10-06-2019 18:03

ՏԻՄ ընտրություններ. նոր Հայաստանում ՔՊ-ն կորցնում է դիրքերը

Հունիսի 9-ին Հայաստանի մի շարք համայքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Սակայն հասարակության ուշադրության կենտրոնում էին մի քանի համայքներ ու քաղաքներ: Մասնավորապես, Աբովյան քաղաքը, որտեղ առաջադրվել էր հինգ թեկնածու, բայց հիմնական պայքարը ընթացավ գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի, ում սատարում էր ԲՀԿ –ն և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանի միջև:

Իշխող կուսակցության ներկայացուցչի համար ակտիվ քարոզարշավ էր իրականացնում մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ Աբովյան ժամանեց և դիմեց աբովյանցիներին՝ պաշտպանելով իրենց թեկնածուին: Ընտրության օրը դիտորդական առաքելություն իրականացնող մարմինն արձանագրեց Կոտայքի մարզպետի կողմից լիազորությունները գերազանցելու փաստ: Երբ արդեն ԿԸՀ-ն հրապարակեց նախնական տվյալները, ըստ որի վերընտրվեց գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը, մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց, որ Վահագն Գևորգյանի ամրագրած հաղթանակը քաղաքացու պարտությունն է Աբովյան քաղաքում:

<<Քաղաքացին պարտվեց Էդոյի գործ չտվող տեսակին, քրեաօլիգարխիկ կրիմինալ պանյատներով ապրող պատգամավորին պարտվեց: Քաղաքացին իր ողնաշարն ուղղելու է և ուժեղանալու է: Դե ֆակտո պարտություն է, բայց բարոյապես մենք ենք հաղթել է>> ,- ասաց մարզպետը: Ի դեպ Աբովյանի ընտրություններին անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը , ասելով որ <<Այս ընտրություններում, ՀՀ բոլոր ընտրություններում՝ անկախ նրանից, թե «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն կհաղթի, թե չի հաղթի, հաղթում է հեղափոխությունը, և հաղթում է ժողովուրդը։ Դա ամենակարևոր արձանագրումն է>> : ՔՊ-ն պարտվեց նաև այլ համայնքներում:

Այդպես, Շիրակի մարզի Սպենդարյան համայքում հաղթեց գործող գյուղապետ Ավետիք Մխիթարյանը՝ նրա օգտին քվեարկեց 384 քաղաքացի: Նրա մրցակից, անկուսակցական Սայադ Ալմաստյանը, ում, սատարում էր <<Քաղաքացիական պայմանագիր>> կուսակցությունը, ստացավ 234 քվե: Ըստ մամուլի հրապարկումների, ՔՊ-ական թեկնածուն 8-ամյա կրթություն էր ստացել և երկու անգամ մնացել էր նույն դասարանում: Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում էլ 91 տոկոսով հաղթեց ՀՅԴ-ական Վահագն Ալավերդյանը։ Այս ընտրությունները յուրահատուկ ստուգատես էին նաև նոր քաղաքական ուժերի համար, որոնք նախկին իշխանությունների օրոք նույնիսկ չէին մասնակցում ընտրություններին՝ դրանց կանխորոշված լինելու պատճառով: 2016 թվականին հիմնադրված «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության համար սա առաջին ընտրությունն էր, որին ուժը մասնակցեց և արձանագրեց հաղթանակ:

Արարատի մարզի Դվին համանքը ավագանի էր ընտրում, և այս կուսակցության կողմից առաջադրված Վիրաբ Դերմոյանը ընտրվեց ավագանու անդամ: Ավագանու կազմում 9 անդամի տեղը համալրելու համար պայքարում էր 14 թեկնածու: <<ՏԻՄ ընտրություններում հաղթանակը մեր ողջ թիմին է : Մենք շարունակելու ենք լինել համայնքի ավագանու եւ ողջ համայնքի կողքին: Այսուհետ համայնքի առաջև ծառացած խնդիրների լուծման տարբերակները գտնելու ենք միասին>>,- ասաց կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:

 

Արմինե Գևորգյան