Բավ է պառակտվել
19-09-2022 15:56

Նյու-Յորքում կկայանա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը

Երկուշաբթի Նյու Յորքում տեղի կունենա ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյխուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։

Հայաստանի արտգործնախարարության մամլո քարտուղար Վահան Հունանյանի տեղեկացմամբ՝ հանդիպումը տեղի կունենա ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Միրզոյանը Նյու Յորքում է՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին։

Նենսի Փելոսիի Հայաստան այցի մասին

Փելոսիի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 17-19-ին եռօրյա այցով գտնվում էր Հայաստանում։ Նա այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հանդիպումներ ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, ասուլիս տվել, ելույթ ունեցել Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, հանդիպել խորհրդարանական ընդդիմության, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Փելոսին դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ և հայտարարել ԱՄՆ-ի աջակցության մասին։

Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00.05-ին, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հրետանուց, անօդաչու թռչող սարքերից և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի ուղղությամբ սկսել են ինտենսիվ հրետակոծել հայկական դիրքերը, և առաջխաղացման փորձեր արել։

Սեպտեմբերի 16-ի առավոտյան դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտարարված հրադադարից հետո իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել։

Հայկական կողմից, ըստ նախնական տվյալների, զոհվել է 135 անձ, կան վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Հայտնի է Ադրբեջանի կողմից գերեվարված առնվազն 10 զինծառայողի մասին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս փուլում ռազմական դրություն մտցնելը նպատակահարմար չէ։