Բավ է պառակտվել
15-08-2018 13:26

ՀԱՊԿ –ում դեռևս քննարկվում է Խաչատուրովի հարցը

Օրերս կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում փոխարինելու հարցը, և շարունակվում են քննարկվել իրադարձությունների հնարավոր զարգացումները: Ըստ ԱԳՆ մամլո քարտուղարի ԺՊ (ժամանակավոր պաշտոնակատար – Gisher.News) Աննա Նաղդալյանի, հասարակությունը կտեղեկացվի այդ խնդրի հանգուցալուծման մասին: Նաղդալյանը նաև պատասխանել է լրագրողների հարցերին: «Ինչու՞ է Յուրի Խաչատուրովի հարցը խնդրահարույց դարձել» հարցին նա պատասխանել է. «Երկրի ներքաղաքական դատաիրավական գործընթացները ՀԱՊԿ-ից տարանջատելու, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության բնականոն աշխատանքի անխափանությունն ապահովելու նպատակով Հայաստանը նախաձեռնել է համապատասխան գործընթացներ, ինչի մասին մենք բազմիցս տեղեկացրել ենք հանրությանը: Մնացած հարցերը քննարկման են ենթակա ՀԱՊԿ տարբեր մակարդակներում: Իսկ ձեռք բերված պայմանավորվածություններն, ինչպես գիտեք, պետք է հաստատվեն ՀԱՊԿ խորհրդի կողմից: Հանրությունը կտեղեկացվի այս բոլոր գործընթացների և արդյունքների մասին»:
Հիշեցնենք, որ 2 օր առաջ ղազախական Ակտաու քաղաքում ընթացող Կասպիական տարածաշրջանի գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ասել է, որ «քննարկվելիք բոլոր թեմաներից ՀԱՊԿ քարտուղարի հարցն է, որ մեզ համար խնդիր է դարձել»: Ի պատասխան Վլադիմիր Պուտինն ասել է, որ անհրաժեշտ է քննարկել օրակարգին և ՀԱՊԿ ու ԵԱՏՄ հետ առնչվող շատ հարցեր: «Կան նաև խնդրահարույց հարցեր, որոնց մասին Դուք խոսում եք», - նշել է նաև Ռուսաստանի նախագահը:
Ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք քննարկվում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այլ թեկնածություններ, Աննա Նաղդալյանը պատասխանել է. «մենք նախաձեռնել ենք փոխարինման գործընթացը, մնացած հարցերը ներքին քննարկման ոլորտում են: Արդյունքների մասին մենք կտեղեկացնենք»:
Նաղդալյանն անդրադարձել է Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցներին և Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցությանն, ասելով. «Իրանը հանդիսանում է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, Իրանի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն Հայսատանի համար: Բնականաբար, մենք հետևում ենք Իրանի շուրջ տեղի ունեցող բոլոր իրադարձություններին»: