Բավ է պառակտվել
05-03-2020 21:00

ԱԺ –ում ատելության խոսքի քրեականացումը քննարկվեց ատելության մթնոլորտում

ԱԺ–ում այսօր բուռն ու թեժ մթնոլորտում քննարկվեց Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծը՝ ատելության խոսքին նվիրված։ Մասնավորապես` պատգամավորներին հետաքրքրում էր, թե որտեղ է սկսվում ու ավարտվում բռնության քարոզը և ինչպես անել համապատասխան հոդվածով նախատեսված արարքի որակում չստանալու համար։
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այն քաղաքական գործիչներից է, որ պարբերաբար հայտնվում է ատելության խոսքի թիրախում ։ Սպառնալիքներ ստացած գործիչն այսօր խորհրդարանում անհագստանում էր՝ չլինի այնպես, որ ատելության խոսքի քրեականացումը վնասի խոսքի ազատությանը։
«Իրական օգտատեր անգամ կոչ էր անում ինձ վառել հրապարակում վառել ինչպես Ժաննա Դարկին։ Ինձ համար այսօր ատելության և թշնամանքի խոսքը ազգային անվտանգության վտանգ է ներկայացնում։ Բայց ինչպե՞ս օրենսդրորեն սա կարգավորել։ Անկեղծ ասած, ես չեմ տեսնում օրենսդրական այն ոսկերչական իրապես գրագետ լուծումները, որ մենք չենք վնասելու խոսքի ազատությանը, որ մենք սողանցք չենք թողնելու տարատեսակ չարաշահումների համար»,–ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Այսպիսով Հայաստանի իշխանությունը որպես առաջին քայլ քրեականացնում է ատելության խոսքի տարածումը։
Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը նշեց, որ այս նախագծով առաջարկում ենք սահմանել քրեական պատասխանատվության անձի կամ անձանց կողմից՝ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, քաղաքական կամ այլ աշխարհայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելով, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամության, տարիքով կամ անձնական ու սոցիալական բնույթով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար։
Փոխնախարարն ընդգծեց, որ խոսքի ազատության իրավունքը նախագծով չի խախտվում, քանի որ խոսքի ազատությունը երբևէ չի ներառում ատելության խոսք:
«Մեր կողմից ներկայացվող նախագծով պատասխանատվություն է սահմանվում ատելության խոսքի ամենվտանգավոր դրսևորման համար՝ բռնության կոչի, այն արդարցնելու և քարոզելու համար», - ասաց նա:
Չնայած քննարկվում էր ատելության խոսքը կանխելու նախագիծը, բայց ատելության պակաս չզգացվեց խորհրդարանում։ Հատկապես թեժ կրքերը բորբոքվեցին «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունից Էդմոն Մարուքյանն ու Գևորգ Պապոյանի միջև։
«Էդմոն Մարուքյանը, խիստ սրտնեղելով, ըստ երևույթի, որոշ անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի հնարավոր բռնագրավման հեռանկարից, ընկավ հուզական պոռթկման մեջ և ինձ մեղադրեց 18 տարեկանում Հանրապետականին անդամակցելու համար, հետն էլ նշելով, թե կոռուպցիայի հետ կապված այդ հարցերը այն ժամանակ ինչո՞ւ չէինք բարձրաձայնում: Հատուկ խիստ սրտնեղված Էդմոն Մարուքյանի և ԼՀԿ-ի համար ասեմ, որ չէի կարող բարձրաձայնել, քանի որ ի տարբերություն իրենց, որևէ կապ չեմ ունցել Սերժ Սարգսյանի իշխանության հետ, ավելին 2011 թվականին իմ հայացքների և օրվա իշխանության հետ կապ չունենալու համար որոշում է կայացվել բուհում ինձ աշխատանքից զրկել», - ասաց Պապոյանը:
Նա նշեց, որ երբ ինքը վաճառող էր աշխատում, չէր կարող բարձրաձայնել այդ հարցերը, ինչը կարող էին անել Էդմոն Մարուքյանն ու իր խմբակցության որոշ անդամներ: Պապոյանը շարունակեց ելույթը՝ մեղադրանքներ հնչեցնելով Մարուքյանին նախկիններին աջակցելու համար: «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները տեղից միջամտեցին, Պապոյանն էլ հակադարձեց.«Խլրտոցներ չլսեմ… չխանգարեք, հանգստացեք… ձայնդ կտրի»: Մինչդեռ դահլիճում կրքերն ավելի թեժացան, Պապոյանն էլ հակադարձեց. «Հանգստացեք, թուլացեք ու վայելեք»: Պապոյանի ելույթից հետո դահլիճում վեճ սկսվեց, ինչին միջամտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ այուհետ եթե որևէ մեկը շեղվի թեմայից ու այլ հարցի մասին խոսի ամբիոնից, այդ ելույթները կընդհատվեն և խոսողը կզբաղեցնի իր տեղը:
Պատգամավորներին նաև հետաքրքրում էր թե որտեղ է սկսվում ու ավարտվում բռնության քարոզը և ինչպես անել համապատասխան հոդվածով նախատեսված արարքի որակում չստանալու համար։
Օրինակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հիշեց Սողոմոն Թեհլերյանին նվիրված ազգային երգը` Թալեաթ Փաշայի սպանության մասին։
«Դուք ասում եք բռնության արդարացում, ես էլ հիմա արդարացնում եմ բռնության որոշակի դրսևորումը, արդարացնում եմ, որ Սողոմոն Թեհլերյանը գնդակահարել է Թալեաթ Փաշային և հիանում եմ նրանով ու միշտ հիանալու եմ։ Հիմա ես արդարացնու՞մ եմ բռնությունը, թե՞ ոչ»,– հարցրեց Աբովյանը արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանին։
«Այո՛,– եղավ պատասխանը,–ձևական տեսանկյունից ձեր այդ արարքը համապատասխանում է մեր կողմից քննարկվող օրենքում նկարագրված հանցակազմին։ Բայց արդյո՞ք վարույթն իրականացնող մարմինը կգնահատի այդպես։ Կարծում եմ, որ ոչ»։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն մեկ այլ օրինակ բերեց՝ որպես բռնության քարոզ դիտարկելով հայտնի երգում հիշատակվող «մայրական ծեծը»։
«եթե հանկարծ մեզանից որևէ մեկն ուզի պատվիրել «Մայր իր սուրբ ու բարի» երգը, երգիչը հաստատ խուսափելու է, որովհետև այնտեղ ասվում է. «ով մայրական ծեծից չի լացել, նա որբ է մեծացել», կասի ի՞նչ գործ ունի, երգի, տանեն էս երգով քրեական պատասխանատվության ենթարկեն»,– ասաց Պետրոսյանը։
Արդարադատության փոխնախարարը սակայն նշեց, որ արվեստին ու մշակույթին այս նախագիծը չի վերաբերում։
Ի դեպ այս գործերը քննելու է ՀՔԾ–ն։ Շարքային քաղաքացիների համար առաջարկվող հոդվածը սահմանվում է 50-150 հազար դրամի տուգանք, 2 ամիս կալանք կամ 1 տարվա ազատազրկում` ըստ արարքի ծանրության։
Իսկ պաշտոնատար անձանց համար նախատեսվում է նաև հավելյալ պատիժ որոշակի ժամկետով պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկում։

 

 

Արմինե Գևորգյան