Բավ է պառակտվել
08-05-2020 18:37

ԱԺ–ում կրքերը չեն հանդարտվում․ «Լուսավոր Հայաստանը » լքեց դահլիճը ․

Խորհրդարանի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով հայտարարված ընդմիջումից հետո ԱԺ-ն շարունակեց աշխատանքը։Ամբիոնին մոտեցած Մարուքյանը հայտնեց, որ ընդհատված ելույթը չի շարունակի, փոխարենը կանդրադառնա տեղի ունեցած միջադեպին:
«Միջադեպից անցել է շուրջ 3 ժամ և ավելի, բայց մենք չտեսանք որևէ արձագանք, որը հարիր է ժողովրդավարական քաղաքական համակարգին: Ես կարծում եմ, որ ոտնահարվել են ժողովրդավարության հիմքերը, հեղափոխությամբ հռչակված արժեքները և, որ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ բան է տեղի ունեցել: Եթե կասեք՝ 1996-ին էլ են պատգամավորին խփել, 2002-ին էլ, որքան հիշում եմ՝ խմբակցության ղեկավարին դեռ հետևից ու կողքից չեն խփել»,- ասաց նա:
Մարուքյանը ասաց, որ կատարվածը քաղաքական էր, և պետք է քաղաքական գնահատական ստանա, ունենա քաղաքական հետևանքներ:
«Ապագայում կախված քաղաքական գնահատականներից և հետևանքներից, կանենք եզրահանգումներ, կորոշակիացնենք մեր անելիքները և կհասկանանք, թե ապագայում ինչպես ենք աշխատում խորհրդարանում»,- հայտարարեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և լքեցին ԱԺ դահլիճը։
Մարուքյանինց հետո ամբիոնին մոտեցավ Իմ քայլից Լիլիթ Մակունցը։
«Ցանկանում եմ արձանագրել, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ է բերում ոչ թե «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրակարգը, այլ անհասկանալի, Ազգային ժողովից դուրս գտնվող խուլիգանական խմբակների օրակարգը: Սա փաստ է»,-հայտարարեց «Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով առավոտյան ԱԺ դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին:
Լիլիթ Մակունցը նախ խմբակցության անունից ՀՀ քաղաքացիներից ներողություն խնդրեց կատարված միջադեպի համար: Նա նշեց՝ ցավում է, որ «Իմ քայլը» խմբակցությունը տրվել է սադրանքների:Իսկ ըստ Մակունից ամեն ինչ սկսվեց Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումից:
«Այդ միջադեպին որոշ գործընթացներ են հաջորդել նաև ԱԺ նիստերի դահլիճից դուրս ու արդեն մի քանի շաբաթ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը փորձում է սադրել ու «Իմ քայլին» ներքաշել այնպիսի գործողությունների մեջ, որոնք տեսախցիկների առաջ անբարենպաստ լույսի ներքո կներկայացնեն իրենց: Միևնույն ժամանակ ուզում եմ արձանագրել, որ «Լուսավոր Հայաստանը» ԱԺ է բերում ոչ թե «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրակարգը, այլ անհասկանալի, ԱԺ-ից դուրս գտնվող խուլիգանական խմբակների օրակարգը»,- ասաց նա:

Նա հիշեցրեց նաև, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն օրերս ԱԺ նիստերի դահլիճում ուղիղ եթերում սեռական բնույթի հայհոյանք հնչեցրեց ԱԺ փոխնախագահի հասցեին և դրան չհետևեց ներողություն:

Հիշեցնենք, որ առավոտյան ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ու Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև լեզվակռիվը վերածվեց ծեծկռտուքի, որից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը 2.5 ժամանոց ընդմիջում էր հայտարարել:

 

 

 

Արմինե Գևորգյան