Բավ է պառակտվել
09-06-2016 15:26

Պետերբուրգում ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցով գագաթնաժողով կանցկացվի

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Սանկտ Պետերբուրգում եռակողմ գագաթնաժողով է պատրաստվում: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հաղորդագրությունում ասվում է, որ հինգշաբթի օրը Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիս Ռիպերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պյեր Անդրյոյին:
«Զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում ճգնաժամի լուծմանն ուղղված միջազգային ջանքերի հետ կապված, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստման հարցերը»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն՝ չհստակեցնելով հանդիպման ժամկետները:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Արլեմ Դեզիրը՝ ներկայացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, մայիսի 16-ին հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով։
Ինչպես նշվել էր ԵԱՀԿ կայքում տեղադրված Սերգեյ Լավրովի, Ջոն Քերիի և Արլեմ Դեզիրի համատեղ հայտարարության մեջ. «Նախագահները վերահաստատել են հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները: Նախագահները նաև համաձայնել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը: Ի վերջո, նրանք համաձայնել են շարունակել անհետ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո՝ հաշվի առնելով 2014 թվականի հոկտեմբերին Փարիզի գագաթնաժողովի ժամանակ ստանձնած պարտավորությունները»։