Բավ է պառակտվել
06-10-2022 21:15

Պրահայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը

Պրահայում ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպումը, հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը։

Սա Փաշինյանի և Էրդողանի առաջին հանդիպումն է, մինչ այդ երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել 2022 թվականի հուլիսի 11-ին, որի ընթացքում Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին՝ Կուրբան Բայրամի տոնի առթիվ, իսկ նա, իր հերթին, 2022թ. գալիք Վարդավառը՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը։ Երկրների ղեկավարները կարևորել են երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացը, որը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։

Հանդիպմանը նախորդել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը։

Հայ-թուրքական հարաբերությունների մասին

1991-ի դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, բայց մինչ օրս հրաժարվում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: 1993-ին Թուրքիան միակողմանիորեն փակեց իր օդային և ցամաքային սահմանները Հայաստանի հետ: Օդային սահմանը բացվել էր 1995-ին` միջազգային հանրության ճնշման ներքո: Ցամաքային սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք անընդունելի պայմաններ, մասնավորապես` հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից: և լուծել ղարաբաղյան խնդիրն հօգուտ Ադրբեջանի։

Հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008-ի աշնանը նախաձեռնել էր Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը: 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն 2010 թվականի ապրիլի 22-ին Սարգսյանն իր հրամանագրով կասեցրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել այն։

Հայաստանի ներկայիս ղեկավար Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի աշնանը արցախյան 44-օրյա պատերազմից հետո սկսեց ակտիվորեն քարոզել տարածաշրջանում, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջան» ձևավորելու գաղափարը, և այս տրամաբանությամբ արդեն գործնական քայլեր են արվում Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ։

Մասնավորապես, Հայաստանն ու Թուրքիան նշանակել են երկկողմ հարաբերությունների գծով իրենց հատուկ ներկայացուցիչներին, որոնք արդեն չորս հանդիպում են անցկացրել։ Այս տարվա հուլիսի 1-ին Վիեննայում կայացած վերջին հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են ապահովել հայ-թուրքական ցամաքային սահմանը հնարավորինս արագ հատելու հնարավորությունը համապատասխանաբար Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքների ուղիղ ավիափոխադրումների հնարավորինս արագ մեկնարկի վերաբերյալ և որոշում է կայացվել սկսել անհրաժեշտ գործընթացներ այս ուղղությամբ։

Միաժամանակ, ըստ հասարակական կարծիքի հարցումների, Հայաստանի բնակչության շրջանում չկա միաձայն աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Այսպես, այս տարվա ապրիլի սկզբին անցկացված GALLUP International Association-ի հարցման արդյունքների համաձայն՝ Հայաստանում հարցվածների 68%-ը դեմ է Թուրքիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանը և առանց նախապայմանների սահմանների բացմանը։ Այս քայլին դրական է վերաբերվում հարցվածների լոկ 26 տոկոսը։