Բավ է պառակտվել
29-11-2022 14:28

ԱՄՆ Սենատը կքննարկի Հայաստանում նոր դեսպանի թեկնածությունը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նոյեմբերի 30-ին լսումներ կանցկացնի Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածության վերաբերյալ։

Ավելի վաղ հաղորդվել է, որ նախագահ Ջո Բայդենն այս տարվա հուլիսին այդ պաշտոնում առաջադրել է Քրիստինա Կվիենի թեկնածությունը։ Նա կփոխարինի Լին Թրեյսիին, որին Բայդենն առաջարկել է որպես Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան։ Նրա թեկնածությունը նույնպես կքննարկվի նոյեմբերի 30-ին։

ANCA-ի պահանջները

Լսումներից առաջ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հորդորել է Սենատի հանձնաժողովի անդամներին պարզել Կվիենի դիրքորոշումը Հայաստանի անվտանգությանը և Արցախի փրկությանը ԱՄՆ-ի աջակցության վերաբերյալ։

Կվիենի թեկնածության քննարկման ընթացքում ANCA-ն առաջարկում է մասնավորապես անդրադառնալ հետևյալ թեմաներին․
* հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ամրապնդում,
* ադրբեջանական ագրեսիայի զսպում,
* հայ ռազմագերիների ազատ արձակման ապահովում,
* ԱՄՆ օգնությունը Արցախին
*Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում վարչակազմի քաղաքականության կյանքի կոչում

«Կվիենի առաջադրումը հնարավորություն է տալիս վերականգնել հայ-ամերիկյան հարաբերությունները, շրջել Թրեյսիի դարաշրջանի էջը և մեր երկկողմ հարաբերությունները համապատասխանեցնել ԱՄՆ իրական շահերին և ամերիկյան իսկական արժեքներին: Մենք պետք է դադարենք տալ նավթով հարուստ Ադրբեջանին ԱՄՆ քաղաքականության վետոյի իրավունքը և սկսել ուղղակիորեն ամրապնդել Հայաստանի ինքնիշխանությունը և հայերի անվտանգությունն իրենց հինավուրց հայրենիքում»,- ասել է այս առնչությամբ ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

ANCA-ն պարբերաբար կոշտ քննադատության էր ենթարկում Լին Թրեյսիին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նրա վատ և անարդյունավետ աշխատանքի համար: