Բավ է պառակտվել
30-06-2021 23:27

ԱՄՆ սենատում առաջարկել են 50մլն. դոլար օգնություն հատկացնել Հայաստանին և 2մլն․ դոլար՝ Արցախին

ԱՄՆ Սենատի Արտաքին գործողությունների գծով հատկացումների ենթակոմիտեն առաջարկել է առնվազն 50մլն․ դոլար օգնություն հատկացնել Հայաստանին և առնվազն 2 մլն․ դոլար՝ Արցախին, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ֆեյսբուքյան իր էջում։

Նշվում է, որ ԱՄՆ-ն Հայաստանին օգնությունը կհատկացնի «տնտեսական զարգացման, մասնավոր հատվածի արտադրողականության, էներգետիկ անկախության, ժողովրդավարության և օրենքի գերակայության և այլ նպատակների համար», իսկ Արցախին հատկացվող օգնությունը նախատեսված է Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների համար։

Միաժամանակ ԱՄՆ Սենատի ենթակոմիտեն իր մտահոգությունն է հայտնել նախագահ Ջո Բայդենի կողմից Ադրբեջանի նկատմամբ սահմանափակումների չեղարկման կապակցությամբ, որոնք ամրագրված էին ազատությանն աջակցելու մասին օրենքի 907-րդ հոդվածում և նախատեսում էին արգելել այս երկրին ԱՄՆ օգնությունը և հավասարակշռել ռազմական օգնությունը Հայաստանին և Ադրբեջանին:

Ըստ ANCA-ի, առաջարկությունը ներառված է 2022 ֆինանսական տարվա օտարերկրյա օգնության մասին օրինագծին կից զեկույցում, որը ներկայացվել և ընդունվել է Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործողությունների գծով հատկացումների ենթակոմիտեի կողմից այս շաբաթվա սկզբին և պիտի կքննարկվի Հատկացումների կոմիտեի կողմից այս շաբաթվա ընթացքում:


Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է դիտարկել Ադրբեջանին տարատեսակ, այդ թվում՝ ռազմական օգնություն հետագա տրամադրման նպատակահարմարությունը, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պահպանվող լարվածությունը։