Բավ է պառակտվել
23-07-2018 19:39

Ադրբեջանի ագրեսիայի դեպքում Հայաստանը որոշիչ հակահարված կտա - Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարարի համար հատուկ անհանգստություն է առաջացնում ադրբեջանական զինուժի ակտիվացումը Հայաստանի հետ սահմանի նախիջևանյան ուղղությամբ, որտեղ մինչ այժմ հարաբերական հանգստություն էր: «Այդ հատվածում ռազմական պրովոկացիայի ցանկացած արտահայտում հղի է մեծ ճգնաժամի բորբոքմամբ, որը կառնչվի նաև տարածաշրջանային այլ խաղացողների»,-ասել է Դավիթ Տոնոյանը:

Միաժամանակ, նախարարը շեշտել է, որ Հայաստանը խաղաղություն խնդրողի կարգավիճակում չէ․ - «Հայաստանի կառուցողական դիրքորոշմամբ հանդերձ, չեմ ցանկանում, որ ձեզ մոտ տպավորություն ստեղծվի, թե Հայաստանը խաղաղություն խնդրողի դերում է: Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այսքան վստահ չլինել, թե նա է վերահսկում ռազմական իրավիճակի սրման հարցը: Այսինքն՝ չի լինի այնպես, որ միջնորդներին հաջողվի համոզել հայկական կողմին դադարեցնել պատասխան պատժիչ գործողությունները ադրբեջանական կողմից սանձազերծած ռազմական գործողությունների վերսկսման պարագայում՝ Բաքվի կողմից նույնիսկ սահմանափակ մասշտաբով ռազմական գործողություններ իրականացնելու դեպքում: 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնության դեպքում հայկական կողմը կարող է և զերծ չմնալ իր զինանոցում առկա բոլոր զինատեսակների կիրառման «գայթակղությունից»՝ հակառակորդին տալով մասշտաբային և որոշիչ հակահարված»:

Անդրադառնալով արցախաադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից ռազմական տեխնիկայի և մարդկային ուժի կուտակման մասին հարցադրմանն ու լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգին՝ նախարարը նկատել է, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ մեծ է բանակցությունների ընթացում Բաքվի առավելապաշտական պահանջների պայմաններում:

«Ադրբեջանական զինուժի ակտիվացման և կուտակումների մասին հաղորդագրությունները ճիշտ են, և նմանատիպ գործընթացները դիտարկվում են ոչ միայն արցախաադրբեջանական շփման գծում, այլև Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին, մասնավորապես՝ նախիջևանյան ուղղությամբ: Ադրբեջանի պահվածը ոչ այլ է, քան ուժի կիրառման սպառնալիքը, մինչդեռ հենց ուժի կիրառման բացառումն է դրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի հիմքում, ինչպես ցանկացած այլ կոնֆլիկտի», - ասել է պաշտպանության նախարարը: