Բավ է պառակտվել
04-11-2013 12:30

Ադրբեջանի կողմից ԼՂՀ հանդեպ ագրեսիայի դեպքում ռուսական բազան կմիջամտի

Ռուսական «Կարմիր աստղ» ռազմական հրատարակչությանը տված բացառիկ հարցազրույցի ժամանակ Հայաստանում տեղակայված ՌԴ Հարավային ռազմական օկրուգի Ալեքսանդր Նևսկու անվան 102-րդ բազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին պաշտոնապես հայտարարել է, որ եթե Ադրբեջանի իշխանությունները որոշում կայացնեն Լեռնային Ղարաբաղի հանդեպ իրենց իրավասությունները ուժային ճանապարհով վերականգնելու մասին, ապա ռուսական ռազմական բազան կմիջամտի զինված հակամարտությանը` ՀԱՊԿ-ի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության պարտավորությունների համաձայն, գրում է galatv.am-ը հղում անելով «Красная звезда»-ին: Բացի այդ, Ռուզինսկին առաջին անգամ պաշտոնական մակարդակով հաստատել է Հայաստանի տարածքում РСЗО «Սմերչ» համազարկային հրթիռային համակարգի առկայության մասին:

«Ռազմական բազայի պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական մթնոլորտը մնում է անհանգիստ և բնութագրվում է մի շարք ապակայունացնող գործոնների առկայությամբ, որոնք կապված են տարածաշրջանում հայ-ադրբեջանական հակամարտության բռնկման հնարավորության հետ: Մի շարք միջկառավարական համաձայնագրերի համաձայն` ռազմական բազան իրականացնում է ռազմավարական զսպման խնդիր, ներգրավված է հակաօդային պաշտպանության միջոցների մարտական հերթապահության գործում և աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ-ի տարածքային սահմանային վարչության սահմանապահ զորքերին:

Ռազմաբազան հանդիսանում է անմիջական օգտագործման միշտ պատրաստ միավորում: Այն բաղկացած է 13 հիմնական ռազմական ստորաբաժանումներից և 17 համապարփակ ապահովման ստորաբաժանումներից: Ուժերի նման քանակը թույլ է տալիս լուծել միավորման վրա դրված խնդիրները: Արժե նշել, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի կազմի առանձնահատկությունն է զենիթահրթիռային դիվիզիայի առկայությունը, որոնք հագեցած են «С-300В» ԶՀՀ, ինչպես նաև զենիթահրթիռային դիվիզիայով, որի սպառազինությունը բաղկացած է БУК-М1-2 ԶՀՀ-ից, «Սմերչ» համազարկային հրթիռային համակարգից և ռազմական МиГ-29 ինքնաթիռներից բաղկացած ռազմական ավիաբազայից»:

Անդրեյ Ռուզինսկին  նաև մանրամասն պատմել է ռուսական և հայկական զորքերի ռազմական հնարավորությունների մասին:

«Անցած տարի ռազմական համագործակցության ամենանշանակալի միջոցառումներից էր ՀԱՊԿ արագ արձագանքման կոլեկտիվ ուժերի «Համագործակցություն-2012» զորավարժությունը, որին մասնակցելու համար ռազմաբազայից ներգրավվել են ավելի քան 100 զինծառայողներ, շուրջ 30 միավոր հատուկ տեխնիկա:

Այս տարի մենք արդեն 3 հանդիպում ենք ունեցել Հայաստանի ներկայացուցիչների հետ: «Ալագյազ» ռուսական բարձր լեռնային ուսումնավարժական համալիրում անցկացվել են մարտական կրակով միասնական գումարտակային զորավարժություններ»: