Բավ է պառակտվել
29-06-2022 13:59

ԱՄՆ-ում առաջարկում են 2 մլն դոլար հատկացնել Արցախի ականազերծման և 60 մլն դոլար՝ Հայաստանին աջակցության համար

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) շարունակում է աշխատանքներն ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող օգնության ընդլայնման ուղղությամբ՝ Ադրբեջանի կողմից շարունակվող սպառնալիքների պայմաններում:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը կոչ է արել 2023 թվականի ֆինանսական տարվա արտաքին օգնության օրինագծի շրջանակներում 60 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) ականազերծման համար, հաղորդում է ANCA-ի մամուլի ծառայությունը։ Առաջարկվում է նաև ֆինանսավորում հատկացնել Պետդեպարտամենտի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից հատուկ զեկույց պատրաստելու համար՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի հետևանքով մարդասիրական կարիքները բացահայտելու համար։

Այս առնչությամբ ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է, որ կոմիտեն հույսը դնում է ազդեցիկ օրենսդիրների հետ համագործակցության վրա՝ «ադրբեջանական շարունակվող ագրեսիայի պայմաններում Արցախին օգնությունն ընդլայնելու համար»։

Քննարկվող փաստաթղթով առաջարկվում է Հայաստանին հատկացնել 60 մլն դոլար՝ աջակցելու տնտեսական զարգացմանը, մասնավոր հատվածի արտադրողականությանը, էներգետիկ անկախությանը, ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը և այլ նպատակներին։

Փաստաթղթում մտահոգություն է հայտնվում Լեռնային Ղարաբաղում հակամարտության հումանիտար հետևանքների և դրանից բխող խնդիրների առնչությամբ բնակարանային, պարենային անվտանգության, ջրամատակարարման և սանիտարական ապահովման, առողջապահության և մարդկային այլ կարիքների ոլորտներում։