Բավ է պառակտվել
17-11-2022 11:34

ԱՄՆ-ն հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս չի գործում, Վաշինգտոնն անմիջականորեն աշխատում է Երևանի և Բաքվի հետ

ԱՄՆ վարչակազմը պնդում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի մեխանիզմն այլեւս չի գործում, և Վաշինգտոնը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորմամբ զբաղվում է միայն Բաքվի եւ Երևանի հետ անմիջական փոխգործակցության միջոցով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ինձ թվում է՝ այն զարգացել է մինչև այն կետը, որ մենք կարող ենք կոնսենսուսի հաշվին վերջ դնել այս մանդատին»,- չորեքշաբթի խմբի մասին ասել է Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիկերը, , փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այնուամենայնիվ, մանդատն ինքնին բավականին օգտակար է։ Թեեւ Մինսկի խմբի համանախագահների միջեւ փոխգործակցությունն այլեւս չի գործում։ Եվ մենք անմիջականորեն մասնակցում ենք [հակամարտության կողմերի] հետ նրանց խաղաղ գործընթացին»,- ասել է դիվանագետը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան։ Վաշինգտոնն ու Փարիզը Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններից հետո կրճատեցին Մոսկվայի հետ բոլոր շփումները «եռյակի» շրջանակներում։

«Մինսկի խումբը, ինչպիսին այն հայտնի էր, չի գործում։ Մանդատը պահպանվում է։ Մանդատի նպատակը, իհարկե, պահպանվում է։ Իսկ ԵԱՀԿ-ն գործում է կոնսենսուսի հիման վրա։ Ես շարունակում եմ շատ սերտ կապի մեջ մնալ իմ ֆրանսիացի գործընկերոջ, ԵՄ-ի հետ, որն այժմ այնքան [խորը] ներգրավված է տարածաշրջանում, այլ շահագրգիռ կողմերի, հենց ԵԱՀԿ-ի հետ»,- ասել է Ռիկերը: «Ադրբեջանն ուղղակի հայտարարել է, որ այլեւս գործ չի ունենալու Մինսկի խմբի հետ»,- հավելել է նա։
Մինչդեռ լսումներին մասնակցած սենատոր Բենջամին Կարդինը (Մերիլենդից դեմոկրատ) ԱՄՆ-ին հորդորել է հասնել Մինսկի խմբի վերացմանը: Բացի այդ, նա պնդել է, որ խումբն իրենց նպատակների համար օգտագործում են այն կողմերը, որոնք «չեն ցանկանում առաջ շարժվել դեպի խաղաղություն»: