Բավ է պառակտվել
03-06-2020 16:38

Կառավարությունը ժամանակին հեգնում էր վիրուսի տարածումը, իսկ հիմա խուճապի մեջ է․Մանե Թանդիլյան

Կառավարությունն ուղղակիորեն ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը: Այլ բառով դա նկարագրելու չէ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
«Յուրաքանչյուր միջոցառում անհրաժեշտ էր անել պատեհ ժամանակ, այսինքն՝ ճիշտ այն պահին, երբ դրա կարիքը կար, որովհետև սա այն հանգամանքն է, երբ մեկ-երկու օր ուշացումը ճակատագրական եղավ: Այն միջոցառումները, որոնց մասին այսօր խոսում է կառավարությունը, պետք էր անել ավելի վաղ՝ ճիշտ ժամանակին, ճիշտ ձևաչափով»:

Թանդիլյանը ասում է, որ միայն այն հանգամանքը, որ քաղաքացիները չեն հետևում ցուցումներին, դա արդեն իսկ անվստահություն է առողջապահության նախարարին։
«Երբ վստահությունը մեկ անգամ խաթարում ես, շատ դժվար է կրկին վերականգնել: Հետևաբար այն վերաբերմունքը, որ նա ուներ վիրուսի նկատմամբ, շատ քաղաքացիների ստիպում է լուրջ չընդունել նախարարի հայտարարությունները», - ասաց պատգամավորը:

Մանե Թանդիլյանի խոսքով՝ քաղաքացիները փոքր առ փոքր ականատես են լինում, որ արտակարգ դրության պայմաններում կառավարությունն ունակ չէ պաշտպանելու սեփական ժողովրդին:

Վերջինս պնդում է, որ հենց կառավարությունը կորոնավիրուսի նկատմամբ անլուրջ վերաբերմունքը տարածվեց ժողովրդի մեջ։
«Ես ուզում եմ հույս հայտնել, որ քաղաքացիները ավելի խոհեմ կգտնվեն, քան կառավարությունը, որը ժամանակին հեգնում էր վիրուսի տարածումը, իսկ հիմա ակնհայտ խուճապի մեջ է», - նշեց Թանդիլյանը, հավելելով որ պետք է կարողանանք ամբարտավանությունը մի կողմ դնել ու ներգրավել ուժեր, որոնք գիտեն՝ ինչպես այս իրավիճակից դուրս գալ։

Թանդիլյանը խոսեց նաև Հայաստանի թռիչքների արգելքներին, ասաց Երկրի հեղինակության առումով ակնհայտ է, որ Հայաստանը տուժում է դեպի Եվրոպա թռիչքների արգելքից։ «Այստեղ մենք խնդիր ունենք: Փաստացի, մեր տված լիցենզիային ԵՄ-ն չի վստահում: Սա լուրջ մտահոգության տեղիք պետք է տա՝ հասկանալու, թե ինչպես ենք ձախողել: Կարծում եմ՝ Տաթևիկ Ռևազյանը պետք է մտածի հրաժարականի մասին, հասկանա՝ արված հայտարարությունները որքանով են համահունչ այսօր Հայաստանի նկատմամբ կիրառված սանկցիաներին», - ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) ընդգրկվել է ԵՄ Ավիացիոն Անվտանգության Գործակալության սև ցուցակում։

 

 

Արմինե Գևորգյան