Բավ է պառակտվել
01-02-2022 21:02

Կենտրոնական բանկը նշել է Ռուսաստանի դեմ Արևմուտքի հնարավոր պատժամիջոցների հետևանքով Հայաստանին սպառնացող ռիսկերը

2022 թվականի ամենաանցանկալի երևույթներից մեկը Հայաստանի համար աշխարհաքաղաքական իրադարձությունների անբարենպաստ զարգացումն է, մասնավորապես՝ ռազմական սցենարը, որի արդյունքում Արևմուտքը որոշակի պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ, ասել է Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ազդեցություն կունենա Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրումը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր խստացումը Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա։

«Բնականաբար, մեր տնտեսության վրա ազդեցության ծանրությունը կախված կլինի նրանից, թե ինչ պատժամիջոցներ կկիրառվեն Ռուսաստանի դեմ։ Մի բան է, եթե ​​դա սահմանափակվի միայն անհատների նկատմամբ պատժամիջոցներով։ Եթե դրանք ազդեն նաև ֆինանսական հատվածի վրա […], դա կարող է հղի լինել ռուբլու փոխարժեքի անկմամբ, ինչը կնվազեցնի հայկական ապրանքների մրցունակությունը ռուսական շուկայում»,- ասել է նա։

Միաժամանակ, ինչպես հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը, Գալստյանը հավելել է, որ ֆինանսական համակարգից բխող ռիսկերը շատ ավելի մեծ են։

«Մեր հարաբերությունները սպասարկվում են նաև ռուսական բանկերի կողմից»,- պարզաբանել է նա՝ չբացառելով, որ ռուսական բանկերի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը կարող է ազդել նաև Հայաստանի վրա՝ հնարավոր հայելային սահմանափակումների տեսքով։

Սրանք, ըստ ԿԲ ղեկավարի, սցենարներ են, որոնք ներկայումս որոշակի անորոշություններ են պարունակում։ «Պետք է սպասել և հասկանալ. Բայց ես հուսով եմ, որ ինչ-որ պահի լարվածությունը կսկսի նվազել, և մենք ինչ-որ չափով կգնանք լարվածության թուլացման, այլ ոչ՝ ավելացման»,- ընդգծել է նա։

Հարցին, թե ինչպես կազդի SWIFT-ից Ռուսաստանի հնարավոր անջատումը Հայաստանի տնտեսության և բանկային համակարգի վրա, Գալստյանը կարճ պատասխանել է․ «ծանր»։

Վերջերս արևմտյան երկրներում, ինչպես նաև Ուկրաինայում հայտարարություններ են հնչում Ուկրաինայի տարածք ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունները լարվածության դատարկ և անհիմն սրացում է անվանել։ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամն ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։

Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարությունը հունվարի վերջին հայտարարություն էին տարածել, որ Ուկրաինա ներխուժելու դեպքում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների աննախադեպ փաթեթ պետք է մտցվի։

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թվում նշվում է Ռուսաստանի Դաշնության հնարավոր անջատումը SWIFT-ից՝ տեղեկատվության փոխանցման և վճարումներ կատարելու միջազգային միջբանկային համակարգից, որին միացված է ավելի քան 11000 խոշորագույն կազմակերպություն աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Ի պատասխան հնարավոր միջոցների՝ Ռուսաստանը ստեղծել է Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման սեփական համակարգը։